«Հրապարակ». Ինչի համար են ձերբակալել Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ երեկ ձերբակալություններ են տեղի ունեցել Լոռու մարզում։ Նախնական տեղեկություններով՝ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել են Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարը և Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի շարք աշխատակիցներ, նաև՝ տնօրենը։ Խոսքը մոտ 10 անձի մասին է: Ֆաբրիկայի տնօրենը Բագրատ Դարբինյանն է։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցին ի պատասխան չհերքեցին փաստը, միայն փոխանցեցին, որ այս պահին մեկնաբանություն չունեն։
Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացանք, որ առավոտյան անսպասելիորեն քաղաքապետարան են ժամանել ԱԱԾ աշխատակիցներ և իրենց հետ տարել են ճարտարապետական բաժնի պետ Սուրեն Աբովյանին: Ի դեպ, նա Մամիկոն Ասլանյանի նշանակած կադրն է և անցնում է նաև Ասլանյանի քրեական գործով: Մեզ ասացին, որ համատիրությունից դրական բնութագիր են ներկայացրել Աբովյանի վերաբերյալ, որպեսզի կալանք չկիրառվի: Ինչ վերաբերում է «Գլորիա» ֆաբրիկային, ապա սա Վանաձորի ամենանիկոլական կոլեկտիվն է, որը 2018 թվականին փողոցից տուն չէր գնում և հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։