Վրաստանի վարչապետը նախագահին «գործակալ» է անվանել
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերթական անգամ վիրավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նրան «գործակալ» անվանելով: Այս մասին գրում է aliq.ge կայքը։
Վարչապետին հարցրել են Սալոմե Զուրաբիշվիլիի գնահատականի մասին, ըստ որի՝ նախագահը իշխող «Վրացական երազանք»-ին վրացական մղձավանջ էր անվանել։
Նախագահը, մասնավորապես, ասել էր. ««Վրացական երազանք»-ը դադարել է երազանք լինելուց, դարձել է մղձավանջ. նա Վրաստանը հեռացնում է իր վաղեմի նպատակից»:
Վարչապետ Կոբախիձեն այսօր մամուլի ասուլիսում պատասխանել է նախագահին՝ նրան անվանելով «գործակալ» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսկացության «խամաճիկ»։
«Սալոմե Զուրաբիշվիլին «Ազգային շարժման» խամաճիկ է, ինչ ասում են՝ նա կրկնում է: Ուստի՝ դա շատ լավ գիտեն բոլորը։ Այդ թվում՝ օտարերկրացիներն էլ գիտեն, թե ում գործակալն է Սալոմե Զուրաբիշվիլին։ Ուստի, իհարկե, Սալոմե Զուրաբիշվիլիի ասածն ընդհանրապես արժեք չունի։ Նա «Ազգային շարժման» շարքային նախագահ է, «Ազգային շարժման» խամաճիկ։ Հետևաբար, նրա բոլոր հայտարարություններն ունեն զրոյական արժեք»,- ասել է Կոբախիձեն:
«Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս քննադատել են Զուրաբիշվիլիին: Նկատենք՝ Զուրաբիշվիլին սահմանադրական հայց է ներկայացրել ընդդեմ «Վրացական երազանք»-ի կողմից նախաձեռնած և ընդունած «գործակալների օրենք»-ի: Նախագահը իշխող թիմին մեղադրում է Վրաստանի եվրատլանտյան ուղին սաբոտաժի ենթարկելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Գործակալների մասին» օրենքը, ի վերջո, կարող է կառավարությանը թանկ նստել
- Վրացական ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի