Ոչ վարչապետ, ոչ ուսուցիչ, ոչ մեծ, ոչ էլ նույնիսկ փոքր
Ելավ սարը, ընկավ ծառին... Չէ, սա հնարավոր բան է։
Ուզում եմ սխալ սիլլոգիզմ կառուցել, ասեմ՝ բավական դժվար է։ Անտրամաբանական և ոչ շարք կառուցելու համար հատուկ որակներ են պետք, հավանաբար՝ բնական։ Ոչ բոլորն են ունակ հիմար հարցեր տալ՝ դրա համար պիտի մտքում բավական շուռումուռ տալ հարցը, միջից հանել տրամաբանությունը, փորձել՝ ստացվեց, թե չէ...։ Իսկ այ, Սառնաղբյուր գյուղի չորրորդ դասարանցիների բախտը օգոստոսին բերեց՝ նրանք շահեցին «Ալիսը նայող ապակու միջով» ներկայացումը դիտելու հնարավորություն Նիկոլ Փաշինյանի նստավայրում։
Գիտե՞ն, թե որտեղ են գտնվում՝ հարցրեց Փաշինյանը, իբրև թե ինքը գիտե, թե որտեղ է գտնվում...
Թե ինչ գիտեն Հայաստանի Հանրապետության մասին՝ Փաշինյանը պատասխան ստացավ՝ ունի մայրաքաղաք, դրոշ, զինանշան։ Բայց որ ոչ բոլորն էին ձեռք բարձրացրել, տանտիրոջը դուր չեկավ։ Դաս չսովորած աշակերտին վերջապես բռնելու հնարավորություն ստացածի ուրախությամբ, թե՝
-Լավ, այ քե՛զ հարցնենք՝ որն ա Հայաստանի մայրաքաղաքը։
- Երևանը, չզլացավ երեխան։
- Իսկ ինչ ա նշանակում մայրաքաղաք։ Ինչու՞ ենք որևէ քաղաք կոչում մայրաքաղաք։ ... Ինչու ենք կոչում Երևանը Հայաստանի մայրաքաղաք։
- Հայաստանում ամենամեծ քաղաքն է։
- Չէ, պարտադիր չի, շատ երկրներ կան, որ մայրաքաղաքը ամենևին էլ ամենամեծ քաղաք չի և ընդհակառակը՝ փոքր քաղաք ա։ Բայց ինչու են որևէ քաղաք կոչում մայրաքաղաք։
- Օրինակ ինչն ա ամեն մի մայրաքաղաք, կարո՞ղ եք ասել։ Մայրաքաղաքը ինչի հատկանիշ ա։ Ասենք գյուղը ունի՞ մայրաքաղաք։
- Ոչ։
- Ինչի՞ գյուղը չունի մայրաքաղաք։
Սա իսկը Ալիսին ուղղված հարց է՝ հայելիների հետևից։ Ինչ պիտի մտածի երեխան՝ դե գյուղը չունի մայրաքաղաք, որովհետև գյուղում քաղաքներ չկան, որ դրանցից մեկն էլ մայրաքաղաք դառնա։ Դուք ինչ եք կարծում, դպրոցում սովորած ու ավարտած ընթերցողներ ջան, ինչու գյուղը չունի մայրաքաղաք։ Մտածեք, անցնեմ առաջ։
- Մարզը ունի՞ մայրաքաղաք,- որոշեց գյուղի հարցից հետո հարցը պարզեցնել Փաշինյանը։
- Այո։
- Մարզկենտրոն ունի մարզը, մայրաքաղաք չունի։ Մարզ-մարզկենտրոն։ Ինչը՞ ունի մայրաքաղաք, ինչ եք կարծում։ Ինչը՞ ունի գագաթ,- սարի ծայրին իրեն զգաց հավանաբար Երևան մայրաքաղաքում նստած Փաշինյանը։ Այլ կերպ արդարացնել գյուղից սար ճամփան՝ չկա։
- -Սարը։
- Սարը, լեռը, ճիշտ ա։ Ինչը՞ ունի տերևներ,- ոգևորվեց հարցեր տալու իշխանությունից Փաշինյանը, ու երևի որոշեց այս օրինակով տերևների մեջ գտնել գլխավոր որևէ տերև։ Այլ կերպ, թե տերևակալած ծառի օրինակը ինչով էր օգնելու մայրաքաղաքի գաղտնիքը բացել՝ ընկալելի չէ հայելիներից դուրս։
- Ծառը։
- Ճիշտ ա։ Ինչը... ունի անիվներ։
- Հեծանիվը։
- Հեծանիվը, ավտոմեքենան,- «դիվանագիտորեն» ժպտռտաց Փաշինյանը, իր խորամանկության վրա ուրախացած, թե ինչպես իր հեծանիվը քշեց, բերեց կառավարություն ու երեխաների գիտակցություն։
- Ինչը՞ ունի մայրաքաղաք։
...
- Երկիրը։
- Ըհը, մոտեցանք։ Իսկ եթե ավելի կոնկրետ՝ Հայաստա-նի Հանրա- պետությունը։ Այսինքն եթե կա մայրաքաղաք, կա պետություն։ Եվ որն ա մեր պետությունը՞,-հեծանիվի անիվի հարցի հրաշքը՝ ինչպես անիվից հասնել պետության։
- Հայաստանի Հանրապետությունը։
- Ինչու՞ է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանը։ Ինչո՞վ ա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանը։ Ինչ քաղաք գիտեք էլ ուրիշ Հայաստանում։ ... Ինչի Դիլիջանը Երևանի մայրաքաղաքը չի։ Ինչ կա Երևանում, որ չկա Դիլիջանում,- չգիտես ինչու թված քաղաքներից Փաշինյանն անտեսեց Գյումրին, ու անցավ Դիլիջանին։ Երևի վախեցավ հարցնել՝ ինչ չկա Գյումրիում։
- Որովհետև ՀայաստանիՀանրապետության կառավարությունը գտնվում է Երևանում,- անհասկանալի է ինչ տրամաբանությամբ «որտեղ են գտնվում»-ից սրաով, ծառով Փաշինյանի ուզած պատասխանը գտավ մի աղջնակ։ Փաստորեն՝ միակ բանը, որ Դիլիջանն ու Երևանը իրարից տարբերում է՝ կառավարությունն է։
- Այ շատ ապրես.- հպարտացավ Փաշինյանը։
Ինչ ասեմ։ Ինչպե՞ս եք Սառնաղբյուրի երեխաներին հետ սովորեցնելու այն, ինչ ասել է Փաշինյանը։ Ասելու եք՝ դե մի բան ասաց, էլի, ուզում էր ուսուցիչ լինել, մեծ լինել, վարչապետ խաղալ... Հիմա որ իրենց անմայրաքաղաք գյուղում երեխաները գուգլեն, թե ինչ է մայրաքաղաքը, ինչ «քաղաքական» դիրք եք բռնելու, թեթևամիտ ուսուցիչներ ու ծնողներ։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան