Հայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է
Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 4-ին նշվում է սեռական առողջության օրը, այն ընդգծում է յուրաքանչյուր մարդու սեռական և վերարտադրողական առողջության և բարեկեցության իրավունքը, այդ թվում նաև իրազեկված որոշումներ կայացնելու վերաբերյալ:
Այս տարվա կարգախոսը «համաձայնությունն» է` ընդգծելու համաձայնության և փոխադարձ հարգանքի կարևորության գիտակցությանը, երբ խոսքը վերաբերում է սեռական հարաբերություններին:
Սեռական առողջությանն առնչվող հարցերը հաճախ դասվում են «չքննարկվող» թեմաներին: Դրանց մասին խուսափում են խոսել ընտանիքներում, դպրոցներում, համալսարաններում, այսպիսով նպաստելով խնդրի վերաբերյալ տարաբնույթ ոչ ստույգ, իսկ հաճախ նաև վտանգավոր տեղեկատվության և վարքագծային կանոնների տարածմանն ու ամրապնդմանը մարդկանց, հատկապես դեռահասների և երիտասարդներին շրջանում:
ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոնից նշում են, որ սեռական առողջության վրա մեծապես ազդում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, որոնք իրենցից ներկայացնում են հանրային առողջության լուրջ սպառնալիք: Այսպես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն աշխարհում ամեն օր մարդկանց շրջանում արձանագրվում են ավելի քան 1 միլիոն սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (սեռավարակներ) նոր դեպքեր, որոնց մեծամասնությունն անախտանիշ է։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է մոտ 374 միլիոն նոր վարակ, բուժելի 4 սեռավարակներից 1-ով՝ քլամիդիոզ, գոնորեա, սիֆիլիս և տրիխոմոնիազ:
Սեռավարակներն ուղղակիորեն ազդում են սեռական և վերարտադրողական առողջության վրա, առաջացնելով խարան, անպտղություն, քաղցկեղ և հղիության բարդություններ, կարող են մեծացնել ՄԻԱՎ-ի վարակվելու վտանգը:
Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետևանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թաքցնելու պարագայում վտանգի տակ կարող է դրվել և անհատի, և ընտանիքի անդամների առողջությունը:
Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Ժամանակին չհայտնաբերելու և չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրա:
Սեռավարակները «երիտասարդանում են»
Իրական է նաև այն տեսակետը, որ սեռավարակները «երիտասարդանում են», այսինքն` շատ ավելի վաղ տարիքի անձանց մոտ են դրսևորվում, քան, օրինակ, երկու-երեք տասնամյակ առաջ: Սա պայմանավորված է սեռական կյանքի ազատականացմամբ, վաղ սեռական կյանքով, ազատ բարքերով, սեռական առողջության վերաբերյալ ունեցած թերի գիտելիքներով:
Այսօր սեռավարակները 30-ից ավելի են: Դրանց մի մասը կարող են առաջացնել ուրետրալ ախտանիշներ՝ հաճախամիզություն, ցավեր միզելիս, միզարձակման խանգարումներ, դժվարամիզություն, մի մասը՝ ախտաբանական արտադրություն, քոր, դիսկոմֆորտ, բորբոքումներ, անպտղություն:
Որոշ սեռավարակներ շատ վտանգավոր են մոր և պտղի համար: Օրինակ` ցիտոմեգալովիրուսը, հերպեսը: Որոշ սեռավարակներ, չունենալով կլինիկական դրսևորումներ մոր մոտ, կարող են լուրջ վտանգ ներկայացնել պտղի համար, հանգեցնել ինքնաբեր վիժման, վաղաժամ ծննդաբերության, պտղի զարգացման արատների, ներարգանդային վարակների:
Սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանշանների: Սակայն այդ դեպքում էլ վարակված անձինք վարակի աղբյուր են զուգընկերների համար: Ավելին՝ անախտանիշ ընթացող սեռավարակները ևս կարող են առաջացնել բարդություններ:
Սեռավարակների սրման տարիքը համարվում է 20-30 տարեկանը, քանի որ սեռական կյանքով զբաղվելու ամենաակտիվ տարիքն է: Ժամանակակից երիտասարդները սեռական կյանքով սկսում են ապրել 14-16 տարեկանում, իսկ արդեն 25 տարեկանում դառնում են մի քանի վարակների կրող, ինչը շատ բարդացնում է բուժումը: Որքան էլ զարմանալի թվա` վարակվելու ռիսկային խմբում են 50 տարեկանին մոտ մարդիկ: Պատճառն այն է, որ նրանք ժամանակին չեն հետազոտվել:
Հետազոտությունները պարզել են, որ Հայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է: Տղաների մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 16,5 տարեկան՝ նախկին 18-ի փոխարեն, աղջիկների մոտ առաջին սեռական հարաբերության տարիքը նույնպես նվազել է՝ կազմելով միջինը 17 տարեկան՝ նախկին 19-ի փոխարեն։
Այնուամենայնիվ, թե՛ տղայի, թե՛ աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է լինի 18 տարեկանից հետո, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր և հոգեբանական ձևավորումը, այլ կերպ ասած՝ մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար:
Ժամանակակից հասարակությունում նպատակահարմար է ոչ թե խուսափել «արգելված» թեմաներից, որոնց շարքին հաճախ դասվում է սեռական և վերարտադրողական առողջությունը, այլ հակառակը՝ աշխատել բնակչության հետ ստեղծել առողջ, առողջապահական հարցերում լավ կողմնորոշվող և սեփական առողջությանը հոգատարությամբ վերաբերվող հասարակություն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան