«Տգեղ է, ձեզ չի սազում». Քննարկում ԱԺ-ում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստում քննարկվեց ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը:
Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև հաղորդակցությունը և համագործակցությունն իրականացնելու նպատակով:
Եվրաջասթն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ Համագործակցության հարցերով մագիստրոս:
Քննարկմանը հանձնաժողովի անդամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն ասաց, որ ձևակերպում կա «Հայաստանը պետք է նշանակի ահաբեկչության հարցերով համակագող» և հետաքրքրվեց, թե ի՞նչ է սա նշանակում։
Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց. «Պարոն Գևորգյան, դուք գիտեք դա ինչ է։ Իսկապես չի կարելի օգտագործել հայոց ճոխ լեզուն, հայոց լեզվի բառերի բազմիմաստությունը, վերցնել ու նման բան ասել։ Տգեղ է, ձեզ չի սազում։
Այսինքն, ահաբեկչական հանցագործությունների վերաբերյալ Հայաստանի կողմից տեղեկատվության կոնտակտ անձ, այդքան բան։ Պարզ չէ՞։
Պարոն Գևորգյան, ավարտեք, խնդրում եմ, ձեր ժամանակը սպառվել է։ Սա լուրջ չէ։ Չի կարելի»,- ասաց Ա. Եղոյանը։
Այնուհետև նշեց. «Պարոն Գևորգյան, դուք քննարկումը վերածում եք հեգնանքի ու ծաղրանքի»։
«Հիմա, եթե հետ տանք ձայնագրությունը ու եթե պարզվի, որ ես այդ ինտոնացիայով այդպիսի հարց չեմ տվել, ակնկալում եմ ձեր ներողությունը։ Ես ընդամենը հարցրեցի նման ձևակերպում կա և ի՞նչ է նշանակում»,- ասաց Ա.Գևորգյանը։