Որտեղ էլ ելույթ եմ ունենում, միշտ իմ մենահամերգներն ավարտում եմ «Կռունկ»-ով». Մարիա Գուլեգինա-Մեյթարջյան
«Ուրախ եմ լինել իմ պատմական հայրենիքում։ Հենց միայն հայկական օդն ինձ երջանկացնում է, տանում մանկություն, իմ մեջ արթնացնում մանկական հուշեր»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց համաշխարհային օպերային երգչուհի, սոպրանո Մարիա Գուլեգինա- Մեյթարջյանը։
Նա հիշեց, որ իր առաջին հաջողությունը Հայաստանում 1985 թվականին էր, երբ Գլինկայի անվան մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։ Այնուհետև երգչուհին հիշեց մյուս այցերը, ելույթները Հայաստանում, մասնավորապես 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակացությամբ միջոցառումը. «Նստած էին տարբեր երկրների նախագահներ ու ասում էին՝ չէ որ նա մերն է, մեր պարծանքն է»։
Երգչուհին ամենուր խոսում է իր հայկական արմատների մասին, համերգների կազմակերպիչներից մշտապես պահանջում է, որպեսզի հիշատակվի իր հայկական ազգանունը։
«Մայրս ուկրաինուհի է, բայց ես ինձ միշտ հայ եմ զգում։ Ես մեծացել եմ Հայաստանի պատմության մասին գրքեր կարդալով։ Հայրս մշտապես պատմում էր հայերի մասին ու ասում ամենագլխավորը՝ դու հայուհի ես, մենք քիչ ենք, բայց մենք հայ ենք։
Որտեղ էլ ելույթ եմ ունենում, միշտ իմ մենահամերգներն ավարտում եմ «Կռունկ»-ով»,- ասաց Մարիա Գուլեգինա- Մեյթարջյանը։
Նա սպասում է, որ Հայոց ցեղասպանություն իրականացնելու համար Թուրքիան «ներողություն» բառը կարտասանի ու կճանաչի 1,5 միլիոն հայերին ցեղասպանելու փաստը. «Գերմանացիներն անընդհատ ներողություն են խնդրում, օգնում են հրեաներին։ Դա ցույց է տալիս նրանց քաղաքակրթական, մշակութային մակարդակը։ Չգիտեմ՝ կապրեմ մինչև այն պահը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ու երազում եմ, որ ինչը հայկական է, կոչվի հայկական, չոչնչացվեն հայկական խաչքարերը, հուշարձանները»։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 92-րդ թատերաշրջանի շրջանակում հյուրընկալել է Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանին, ով սեպտեմբերի 7-ին և 11-ին երևանյան հանդիասատեսին կներկայանա հոբելյանական ներկայացմամբ և գալա համերգով։ Մասնավորապես, սեպտեմբերի 7-ին Օպերային թատրոնի բեմում Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանը հանդես կգա Ջակոմո Պուչինիի արքայադուստր Տուրանդոտի դերով, սեպտեմբերի 11-ին կկայանա սոպրանո Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանի հոբելյանին նվիրված գալա համերգը՝ համաշխարհային գոհարների մատուցմամբ։
Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանին ասաց, որ համերգի բացմանը կկատարի Դեզդեմոնայի դերերգից երկու հատված՝ ի պատիվ իր լավ ընկերոջ՝ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի։
«Երբ ես գալիս էի Հայաստան, նա միշտ ինձ դիմավորում էր, հյուրընկալում իր տանը։ Վերջին այցիս ժամանակ նա ինձ նվիրեց սրբապատկեր, որն այժմ իմ տանն է»,- հիշեց Մարիա Գուլեգինան։
Ավելի քան չորս տասնամյակ Մարիա Գուլեգինան մեծ ճանաչում ունի օպերային դասական արվեստում, համագործակցել է աշխարհի մեծագույն երգիչների և դիրիժորների հետ, որոնց թվում են Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Լեո Նուչին, Ռենատո Բրյուսոնը, Վալերի Գերգիևը և այլոք: Մարիա Գուլեգինան բազմաթիվ hեղինակավոր մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Բելլինիի մրցանակ, Ջովանի Զանատելլոյի մրցանակ Արենա դի Վերոնայում իր դեբյուտի համար, Մարիա Զամբոնիի ոսկե մեդալ, Օսակայի փառատոնի ոսկե մեդալ և այլն:
«Իմ կարիերայի 41 տարիների ընթացքում ես համագործակցել եմ մեծագույն երգիչների, դիրիժորների հետ»,- ասաց երգչուհին։
Ասուլիսի ժամանակ նաև հայտարարվեց առաջին անգամ Հայաստանում անցկացվող «Մարիա Գուլեգինայի անվան վոկալի միջազգային մրցույթի» մեկնարկի մասին, որը հնարավորություն կընձեռի մասնակիցներին բացահայտելու իրենց ստեղծագործական ներուժը։
Մարիա Գուլեգինայի տնօրեն Պոլինա Դի Գրանդեն ասաց, որ իր համար մեծ պատիվ է աշխատել և համագործակցել մեծ ճանաչում ունեցող օպերային երգչուհու հետ։
«Մենք առաջիկա համերգներին շատ հանգամանալից ենք պատրաստվել։ Այսօր ուզում եմ հայտարարել Մարիա Գուլեգինայի անվան վոկալի միջազգային առաջին մրցույթի մասին։ Երբ այս մտահղացմամբ դիմեցի օպերային թատրոնի ղեկավարությանը, մեծ ոգևորությամբ ընդունվեց ու սկսեցին աջակցել մեզ։ Նման մրցույթ անցկացնելը կարևոր քայլ է Հայաստանի համար, միջազգային երաժշտական աշխարհի համար կարևոր իրադարձություն է»,- ասաց Պոլինա Դի Գրանդեն։
Նա նշեց, որ այս մրցույթին իրենք կարևորում են նաև դրամատիկ սոպրանոների մասնակցությունը։ Նա նշեց՝ որպես մրցույթի տնօրեն, իր կողմից հատուկ մրցանակ կսահմանվի՝ նվիրված օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանին։
Պոլինա Դի Գրանդեն ասաց, որ առաջիկայում մրցույթի կայքը պատրաստ կլինի, կհստակեցվեն հայտերի ընդունման, ընտրության ու մրցույթի անցկացման ամսաթվերը։
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային օպերային երգչուհի Մարիա Գուլեգինա Մեյթարջյանը կարոտով հիշեց Ռիտա Սարգսյանին
- Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա համաշխարհային աստղ Մարիա Գուլեգինան