Ահազանգ. Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք դպրոցների սանհանգույցները ողբալի վիճակում են
ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Նա ահազանգել է Հայաստանի դպրոցներում և մանկապարտեզներում սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, տաք ջրի համատարած բացակայության, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայության, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներ մասին:
«Սեպտեմբերի 1-ից, նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ, ես բազմաթիվ ծնողներից և ուսուցիչներից ստացել եմ դժգոհություններ, որ տարիներ շարունակ թվարկված խնդիրները չեն լուծվում.
.Խոսվում է ներառականության մասին, սակայն դպրոցներում սանհանգույցներն անգամ հարմարեցված չեն սահմանափակ կարողություններ ունեցողների համար
.Դպրոցների մեծամասնության ներսում զուգարանակոնքեր չկան (պպզելու միջոցով բնական կարիքները հոգալու հնարավորություն է միայն), որը դժվար է, հատկապես՝ տարրական դասարանների երեխաների համար:
.Շատ դեպքերում և՛ այսպես կոչված «պպզովի», և՛ «նստովի» զուգարանակոնքերը տեղադրված չեն փակ խցիկներում կամ գոնե առանձնացված չեն միջնորմերով, ինչը գործող նորմերի խախտում է:
.Դպրոցների մեծ մասում սանհանգույցների սենքերը և սարքավորումներն ապահովված չեն հեղուկ օճառով նույնիսկ:
.Մեծ մասում ապահովված չեն նաև ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա մեկանգամյա օգտագործման սրբիչներով (երեխաները տանից սրբիչ են տանում):
.Գրեթե համատարած բացակայում է տաք ջրամատակարարումը:
.Երեխաները ջուր խմում են սանհանգույցի ծորակներից, երբեմն ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակների տարածման մեծագույն ռիսկ է:
Պահանջել եմ նախարարներից տալ հետևյալ պարզաբանումները․
Ե՞րբ են վերջին անգամ ուսումնասիրել թվարկված խնդիրները
Ի՞նչ են արձանագրել այդ դաշտում
Դրանց լուծման մասով ի՞նչ ծրագրեր ունեն մշակված
Ո՞րքան ֆինանսական ներդրում է անհրաժեշտ ՀՀ դպրոցների սանհանգույցները գործող իրավական նորմերին համապատասխանեցնելու և պատշաճ տեսքի բերելու համար
Կոնկրետ ի՞նչ ժամկետներում են պատրաստվում լուծել տարրական սանիտարահիգիենիկ օրհասական խնդիրները հանրակրթական դպրոցներում:
Ի վերջո ակադեմիական քաղաք կառուցելուց առաջ նախ անհրաժեշտ է, որ ապագա ուսանողները նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններում ստանան իրենց դեռևս դպրոցական կրթությունը:
Պարզաբանումները ևս կհանրայնացնեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին