Ներքաղաքական թեժացում՝ Վրաստանում
Թբիլիսիում ձերբակալվել են քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) երկու պատգամավորներ՝ «Ազգային շարժման» քաղխորհրդի անդամներ Իրակլի Էձգվերաձեն և Իրակլի Նադիրաձեն։
Անդրադառնալով հարևան երկրում տեղի ունեցող դեպքերին ու հնարավոր զարգացումներին՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է միայն Էձգվերաձեի կալանավորումը։ Իրավապահների հաղորդամբ՝ քաղաքական գործիչը միջամտել է ոստիկանության աշխատակիցների քննչական գործողություններին՝ կապված թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների հետ։
Վերջին օրերին Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Սաակաշվիլիի կողմնակիցները՝ Արևմուտքի հովանավորությամբ, նախընտրական և հետընտրական շրջանում փորձելու են գնալ սադրանքների, իշխանության զավթման:
Այս համատեքստում տեղի ունեցած ձերբակալություններն, այսպես ասած, կանխարգելիչ բնույթ ունեն, որոնց նպատակն է՝ ժամանակից շուտ բացահայտել ընդդիմության «խռովարար» պոտենցիալը:
Վրաստանի ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությունը չափազանց մեծ է ու, թերևս, այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն համատեքստում, մանավանդ, որ «Վրացական խաղի» «հեռավար» մասնակիցներ են նաև աշխարհաքաղաքական կենտրոնները»։