«Սպիտակ վանք» համալիրում պեղումների ժամանակ բացվել է նորահայտ եկեղեցի
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը պեղումներ է իրականացնում Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Սպիտակ վանք» համալիրում (ղեկ. պ.գ.թ. Դ.Միրիջանյան): Այն բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց, հարակից տապանաբակից, օժանդակ շինություններից: Ս. Աստվածածին եկեղեցին թվագրվում է 14-րդ դ. սկզբով՝ կառուցված է սպիտակ, սրբատաշ ավազաքարով, որից էլ առաջացել է ժողովրդական անունը՝ Սպիտակ վանք:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտից հայտնում են, որ պեղումների ուշագրավ արդյունքներից է նորահայտ եկեղեցին, որը բացվել է Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային կողմում: Նորահայտ եկեղեցու պատերը պահպանվել են գրեթե 1.5 մ բարձրությամբ, խորանին իր տեղում հայտնաբերվել է Սուրբ սեղանը, իսկ հյուսիսային պատին՝ մկրտության ավազանը:
Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ տապանաքարեր, որոնցից որոշները կրում եմ մարդու սխեմատիկ պատկերներ, ինչը բնորոշ է 13-14-րդ դդ., ինչպես նաև մեկ մոնղոլական դրամ:
Ս. Աստվածածին եկեղեցին հարավ-արևելքից
Նորահայտ եկեղեցու խորանը
Նորահայտ եկեղեցու խորանին պահպանված Սուրբ սեղանը և մկրտության ավազանը