ՀՀ ոստիկանապետի որդին տիրացել է Ոստիկանության կայանատեղիին
Արտաշատի բաժնի միլիցիոների պաշտոնից իր կարիերան սկսած Արամ Հովհաննիսյանը 2018 թ․-ից հետո թռիչքային առաջխաղացում գրանցեց։ Կոտայքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց նշանակվեց Արմավիրի ոստիկանապետ, ապա՝ ոստիկանապետի տեղակալ, իսկ 2023 թ.-ից՝ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ։ Մինչ այդ՝ 2022 թ․-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Վահագն Խաչատուրյանն Արամ Հովհաննիսյանին շնորհել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
«Հետք»-ը գրում է, որ կարիերային զուգահեռ Ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։
Ամիսներ առաջ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 25/8 հասցեում, ավարտին են հասցվել երկհարկանի շինության վերակառուցման աշխատանքները։ Ընդլայնված այդ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Հրաչյա Արամի Հովհաննիսյանին՝ ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի որդուն։ Կառուցապատող Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատ համայնքի ՔՊ-ական ղեկավարի խորհրդականն է, դրանից առաջ՝ 2021 թ․-ին, ՔՊ-ի ցուցակով ավագանու թեկնածու էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
2014-2016 թթ.-ին Արամ Հովհաննիսյանը զբաղեցրել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։ Այդ բաժնի շենքի հարևանությամբ՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացած մոտ 200 քմ հողամասը տարիներ շարունակ ծառայել է որպես Ոստիկանության Շենգավիթի բաժնի մեքենաների կայանատեղի։ 2015 թ.-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կայանատեղիի զբաղեցրած հողամասի մի մասն աճուրդով վաճառվել է Շենգավիթի ոստիկանապետի 21-ամյա որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։ 81.66 քմ հողամասի մեկնարկային գինն աճուրդում սահմանվել է 2 միլիոն 41 հազար 500 դրամ, որը Հրաչյա Հովհաննիսյանը գնել է 2 միլիոն 143 հազար 575 դրամով։ Հողամասն օտարվել է հասարակական շինություն կառուցելու նպատակով։ 2016 թ․-ին Հրաչյա Հովհաննիսյանը ստացել է շինթույլտվություն և ձեռք բերած հողամասի վրա երկհարկանի շինություն է կառուցել։ Թե ի՞նչ միջոցներով է 21-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը հողը ձեռք բերել և նման շինարարություն իրականացրել, հայտնի չէ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։