BRICS-ը թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր լարվածության պատճա՞ռ
Ամերիկյան «Bloomberg» պարբերականն օրեր առաջ հրապարակեց մի հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան ամիսներ առաջ անդամակցության հայտ է ներկայացրել BRICS-ին (ԲՐԻԿՍ) միանալու համար։ Պարբերականը նշել էր նաև, որ Թուրքիան դիմել է BRICS-ին՝ ԵՄ-ին անդամակցելու համար գործադրած ջանքերի դիմաց առաջընթացի բացակայությունից հիասթափված լինելու պատճառով։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էին, որ Թուրքիան ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ։
BRICS-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավային Աֆրիկան։ Այժմ կազմակերպությունը ներառում է 9 պետություն՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։
Թեմային սկսեցին անդրադառնալ նաև թուրքական լրատվամիջոցները: Սակայն այս լուրը նախ հաստատեց ռուսական կողմը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց Անկարայի՝ BRICS-ին լիիրավ անդամակցության հայտ ներկայացնելու մասին և հավելեց, որ հայտը կուսումնասիրեն կազմակերպության անդամ երկրները։ Ըստ ռուսական կողմի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Մոսկվայի հրավերը՝ մասնակցելու Կազանում հոկտեմբերին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այնուհետև այդ լուրերը հաստատեց Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը, նշելով, որ «գործընթացը շարունակվում է»։
Ինչպե՞ս արձագանքեցին BRICS-ին Թուրքիայի անդամակցության հայտին
Անդամակցության վերաբերյալ առաջին արձագանքը եղավ Եվրամիությունից (ԵՄ)։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը հայտարարեց՝ Անկարան իրավունք ունի որոշելու՝ միջազգային որ դաշինքներին միանալ, սակայն Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները։ Այս կապակցությամբ Չինաստանի ատրգործնախարար Մաո Նինգը հայտնեց, որ պաշտոնական Պեկինը պատրաստ է աջակցել ավելի շատ համախոհ գործընկերների մասնակցությանը BRICS-ի համագործակցությանը և BRICS-ի մյուս անդամ երկրների հետ միասին շարունակել կազմակերպության անկեղծ և փոխշահավետ համագործակցության ոգին։
Սակայն ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, վերջինս կարծում է, որ բոլոր երկրները կարող են ընտրել այն երկրներն ու խմբերը, որոնց հետ հարաբերություններ են հաստատել։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակն «Ամերկայի ձայնի» թուրքական ծառայության հարցին ի պատասխան՝ ասել է․ «Մենք ձեզ ուղղորդում ենք թուրքական կառավարությանը՝ իր ծրագրերի հետ կապված պատասխաններ տալու»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։