Ինքնագլոր վարելու կարգերը խախտելու դեպքում տուգանքներ կսահմանվեն
Հայաստանում և, մասնավորապես, Եևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: Ոլորտը կանոնակարգված չէ, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել օրենսդրությամբ սահմանելու դրանց երթևեկության կանոնները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ Դավիթ Համբարյանի՝ մանրակրկիտ ուսումնասիրվել են և ոլորտը, և խնդիրը, ինչպես նաեւ միջազգային փորձը՝ հարցին համապարփակ լուծումներ տալու համար: Սահմանվել են նման փոխադրամիջոցների բնութագրերը և հնարավոր սահամանփակումները: Ըստ այդմ՝ 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով:
Նախագծով սահմանվել է, որ օրենքով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը սահմանվելու են համայքի ավագանու կողմից:
Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Մասնավորապես, ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
«Կազմակերպությունների համար, որոնք վարձակալությամբ տրամադրում են նման սարքավորումներ, նախատեսված է նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե օրենքով սահմանված կարգով ճիշտ կահավորված չէ տվյալ սարքավորումը: Սարքավորումը պետք է ունենա նաև արագության չափման սարք»,- մանրամասնել է Ներքին գործերի նախարարի տեղակալը։
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության:
Հարակից հրապարակումներ`
- Ովքե՞ր և որտե՞ղ կարող են վարել ինքնագլորները. Նոր փոփոխություններ
- Կառավարությունը որոշեց սահմանափակել ինքնագլորներով երթևեկելը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին