Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը
Սեպտեմբերի 5-ին հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Ալբերտ Ազարյանի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը: Ներկա են եղել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Օլիմպիական խաղերի չեմպիոն Էդուարդ Ազարյանը, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, մարմնամարզության հավաքականի մարզիկներ, մարզիչներ, մարզասերներ, Ազարյան ընտանիքի անդամներ:
Պետական ֆինանսավորմամբ ստեղծված արձանի հեղինակը քանդակագործ Գոռ Դավթյանն է: Նրա խոսքով՝ ներկայացված մի քանի էսքիզներից լեգենդար մարմնամարզիկի որդին՝ Էդուարդ Ազարյանն է ընտրել վերջնական տարբերակը՝ «Ազարյանական խաչը» թեքված կատարելիս:
«Ալբերտ Ազարյանը մարմնամարզության համաշխարհային պատմության մեջ հետք թողած մարզիկ է, որն արտացոլվում է ոչ միայն Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնությամբ, այլև «Ազարյանական թեք խաչով»: Երկար մտածելու կարիք չունեինք. հասկանում էինք, որ հենց այդ լեգենդար վարժությունը պետք է դրվի կոմպոզիցիայի հիմքում: Շատ կարևոր էր հենց շարժումը ճիշտ ցույց տալը, որի հարցում ինձ շատ օգնեց հենց Ալբերտ Ազարյանի մարմնամարզության մարզադպրոցի ողջ անձնակազմը: Իհարկե, պատասխանատվությունը շատ մեծ էր, բայց հաճախ էի այցելում մարզադպրոց, հետևում մեր մարմնամարզիկների մարզումներին, որոնք նախապատրաստվում էին Փարիզի Օլիմպիական խաղերին, զրուցում էի նրանց հետ: Նրանց խորհուրդները լսելով և մարզումներին հետևելով՝ անհանգստությունս սփոփվում էր»,- պատմել է երիտասարդ քանդակագործը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան