«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյա՞նն է գնահատում, թե ով է Կանադայի բարեկամը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում ընդդիմադիր պատգամավորները զրկված են միջազգային հարթակներում և պատվիրակությունների կազմում ընդգրկված լինելու և իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից:
Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-30-ը պաշտոնական այցով Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն կմեկնի Կանադա՝ Օտտավա։ Պատվիրակության կազմում Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ընդգրկել է բացառապես իշխանության ներկայացուցիչներին, իրենից բացի՝ ընտրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը հայտնի է իր խուլիգանական վարքագծով, և մամուլն այդ մասին բազմիցս գրել է:
Պատվիրակության կազմում են նաև ՔՊ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, որը հայտնի է իր քաղաքացիական կնոջ հանդեպ բռնություն գործադրելու ամոթալի պատմությամբ, Արման Եղոյանը, որը հայտնի է իր իմպուլսիվ բնավորությամբ և բազմաթիվ սկանդալների ու կռիվների մեջ է հայտնվել մինչ այս, և, վերջապես, Հասմիկ Հակոբյանը, ով Ալեն Սիմոնյանի նախկին օգնականն է, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ընկերուհին, որի բարեկամներն ու ծանոթները ԱԺ-ում են աշխատում կոռուպցիոն միջամտության արդյունքում:
Եվ ահա, նրանք գնում են օրինակելի, ժողովրդավարական երկիր Կանադա՝ ներկայացնելու ՀՀ Ազգային ժողովը: Մինչդեռ ԱԺ-ն հավաքական մարմին է, որտեղ կան նաև 2 ընդդիմադիր խմբակցություններ: Եվ հատկապես խորհրդարանական կառավարման երկրներում, ԱԺ-ի գործունեության շրջանակներում ընդդիմության ներկայացվածությունը պարտադիր է:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանին՝ պարզելու՝ ինչու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միանձնյա որոշմամբ կազմված Կանադա մեկնող պատվիրակության կազմում ընդդիմությունը չունի ներկայացվածություն:
«ԱԺ նախագահը նպատակահարմար է համարել պատվիրակության կազմում ընդգրկել այն պատգամավորներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստան-Կանադա բարեկամական խմբում և նպաստել են երկու երկրների բարեկամական կապերի զարգացմանը»,- պատասխանեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը:
Այսինքն՝ ԱԺ նախագահն է գնահատում, թե ով է Կանադայի բարեկամը, մինչդեռ Հայաստան-Կանադա բարեկամական 21 հոգանոց խմբի ղեկավարը Իշխան Սաղաթելյանն է՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից, ով չի ներգրավվել պատվիրակության կազմում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Նույն թեմային անդրադարձել է նաև «Հրապարակը»-ը.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական աշունը կսկսի շրջագայություններով։ Նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով սեպտեմբերի 17-19-ը կմեկնի Բուդապեշտ (Հունգարիա), ապա սեպտեմբերի 25-30-ը՝ Օտտավա (Կանադա)։ 2 այցերի ընթացքում էլ մեծաթիվ պատվիրակության կազմում բացառապես իշխանական պատգամավորներ են և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ։ ԱԺ մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանին հարցրինք՝ ինչպե՞ս են ձևավորել պատվիրակությունները, ինչո՞ւ ընդդիմադիրներ չկան։ Ասաց, որ հայ-հունգարական խմբում ընդգրկված չէ որևէ ընդդիմադիր պատգամավոր, իսկ հայ-կանադական բարեկամական խմբում թեպետ կան, սակայն ԱԺ նախագահը որոշել է ՔՊ-ականների հետ մեկնել․ «Այդ որոշումը կայացվել է՝ ելնելով այդ պատգամավորների ակտիվությունից, տվյալ խմբում ծավալած գործունեությունից, հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված իրենք ջանքերից»։
Կանադայի պատվիրակության կազմում են Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Սա առաջին անգամը չէ, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցի է մեկնում առանց ընդդիմադիրների, կարելի է կարծել, թե ԱԺ-ն միայն ՔՊ-ից է կազմված: Կան տեղեկություններ, որ նա ունի նախընտրելի ընդդիմադիր գործընկերներ, որոնց երբեմն տանում է գործուղումների, բայց երբեմն նրանք էլ են հրաժարվում մասնակցել, քանզի մի կողմից` դա ճիշտ չէ «մերժված» ընդդիմադիրների նկատմամբ, մյուս կողմից` հանրությունն այդ ուղևորություններին լավ չի վերաբերվում: Ժամանակին ՀՀԿ-ի հետ բազմիցս գործուղումների մեկնած Նիկոլ Փաշինյանն ավելի վատ ավանդույթներ է ձևավորել երկրում, քան տիրում էին նախկինների ժամանակ: Պետական բյուջեի հաշվին սրան-նրան լավություն անելը կամ ոմանց պատժելն այլևս դարձել է իշխանական գործելակերպ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։