Կառավարությունը պետք է զանգեր, ասեր՝ Գեղամ Նազարյան, շնորհակալություն, բայց...
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները: Առաջարկը քննարկվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը նշեց, որ մինչ այժմ այս ոլորտի օրենսդրական կարգավորումների դաշտում առկա է պատկեր, որտեղ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմնաված սոցիալական ապահովության երաշխիքները և արտոնությունները տրամադրվում են տարբեր օրենքներում առկա հոդվածներով, կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առանձին որոշումներով, սակայն, ըստ նրա, կարևոր է դրանք մեկտեղել մեկ օրենքում, ինչն էլ առաջարկում է կատարել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների՝ ներառյալ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները սահմանված են կոնկրետ օրենքներով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, ինչպես նաև այդ օրենսդրական ակտերի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով:
Փոխնախարարի խոսքով, նախագծի հիմնավորման մեջ ներառված չեն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը, բնույթը եւ ակնկալվող արդյունքը, և կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից:
Օրենքի նախագիծը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Գեղամ Նազարյանն ասաց, որ ոչ թե ինքը պետք է ներկայացներ այս օրենքի նախագիծը, այլ կառավարությունը, քանի որ սա անհրաժեշտություն է. «44-օրյա պատերազամից հետո կառավարության, նախարարությունների, ՏԻՄ-երի ընդունած տարբեր որոշումներ հիմնականում ընդունված են արագ, լուծում էին տվյալ պահի խնդիրներն։ Երբ որ պետությունը լուրջ է լինելու, խնդիրներին նայում է խորքային, ոչ թե անցնենք առաջ, ինքը պետք է նախաձեռներ, որպեսզի պատերազմում զոհվածների ընտանիքների սոցիալական երաշխիքների մասին օրենք լինի, կապ չունի՝ մինչ այդ եղել է այդ որոշումը, թե ոչ։
Այստեղ հավաքել եմ որոշումները, օրենքները, ավելացրել եմ 20 տոկոս խնդիրներ, որոնք ոչ մի որոշման մեջ տեղ չեն գտել։ Ամեն ինչը հավաքել ենք, մարքել, սարքել նախագիծ։ Կառավարությունը պետք է զանգեր, ասեր՝ վայ Գեղամ Նազարյան, ինչ լավ բան եք արել, ոնց գլխի չէինք ընկել, շնորհակալություն, բայց այս բաները շտենք, փոխենք։ Ցանկացած օրեքի, որոշման մասին կարելի է արտահայտվել, թե ինչի է պետք այդ որոշումն ընդունել։
Վատ բա՞ն է, որ մարդու կյանքը փորձում ենք հեշտացնել, խնդիրները լուծել։ Միայն նրա համար, որ հիմնավորեք՝ չէ, Գեղամ Նազարյանի բերած նախաձեռնությունը թերի է, ինչ ասեք, կարող եք ասել։ Իսկ իմ մեջ այն միտքն էր, որ սա քննարկման առարկա չպետք է լիներ»,- ասաց Գ. Նազարյանը։