Սրբադասել Արցախյան գոյամարտի նահատակներին, Արցախի համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը». Աշոտյանի առաջարկները
«Ինքս չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի նպատակը պետք է լինի նոր Արցախյան շարժում ձևավորելը»,-«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում պատասխանելով հարցերից մեկին՝ ասել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը։
Նա նշել է. «Ցավոք, հատվածական նախաձեռնությունները, անհատական ջանքերը, այս կամ այն առանձին իրականացվող նախագծերը, որքան էլ ստեղծվեն և առաջ մղվեն հայրենասեր և ազնիվ մարդկանց կողմից, չեն լուծելու այս իրականում համակարգային և խորը խնդիրը։
Նախկինում բարձրաձայնված իմ առաջարկություններից կարող եմ կրկին բարձրաձայնել Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասելու Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին (Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման օրինակով.- Ա.Ա.)։ Կարծում եմ նաև, որ դեռևս ուշ չէ Արցախի Հանրապետության համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը»։