2023-ի սեպտեմբերից հետո մոտ 60 հայ էր մնացել Արցախում, այսօր՝ 14. Գեղամ Ստեփանյան
«Արցախահայության վերադարձի մասին խոսելիս՝ կարևոր հանգամանք, խոսքը հավաքական վերադարձի մասին է, ոչ երբեք անհատական։ Անհատական վերադարձ չի կարող լինել»,- «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանն ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանը առհասարակ փակել է վերադարձի թեման. «Խաղաղություն բանակցողների միջև այդ հարցն ընդհանրապես բացակայում է»։
Գեղամ Ստեփանյանի ներկայացմամբ, 2023 թվականի սեպտեմբերից հետո մոտ 60 մարդ մնացել էր Արցախում, այսօր Արցախում մնացել է 14 հայ:
«Անգամ անձինք, որ ժամանակին ինչ-որ հույս ունեին, որ կարող են մնալ ու ապրել Ադրբեջանի կազմում, ի վերջո եկել են այն համոզման, որ դա անհնար է և հետագայում դիմել են Կարմիր Խաչին՝ խնդրելով իրենց տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Սա ևս ցուցիչ է, սա ևս պետք է օգտագործել. լավ, եթե ասում եք 120 հազար վերցրել ու դուրս եք եկել ձեր տներից, գոնե կան մարդիկ, ովքեր մնացել են և ևս մեկ անգամ համոզվելով, որ անհնարին է, տեղափոխվել են Հայաստան»,- ասաց նա:
Ստեփանյանը խոսեց իր բնորոշմամբ «մի շատ վտանգավոր պրոցեսի մասին». խոսակցություն կա, որ միջազգային դատական ատյաններից հայցերն են հետ կանչում:
«Հայաստանի, օտարերկրյա բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել, որ սա չի կարող երբեք տեղի ունենալ, քանի որ սա խարխլում է հակամարտությունների կարգավորման արդարացի և պատշաճ ընթացակարգը: Սակայն առնվազն մինչև այս պահը տեսնում ենք, որ Հայաստանի իշխանության դիրքորոշումը շարունակում է նույնը մնալ:
Որդեգրված է մի դիրքորոշում, որ եթե ամեն գնով հասան խաղաղության պայմանագրին, ապա այս հարցը փակվում է: Սա ուղղակի նշանակում է դավաճանել 150 հազար մարդու իրավունքներին և երես չունենալ հետագայում էլ որևէ մի տեղ որպես ժողովուրդ, ազգ ներկայանալու՝ ասելով, որ այն ժամանակ էլ երբ հնարավորություն կար պաշտպանելու, չենք արել, ուղղակի հավատում էինք խաղաղությանը»,-ասաց Գ. Ստեփանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան