«Հրապարակ». Գևորգ Գևորգյանը հեռացավ Արշակ Կարապետյանից, իսկ հիմա մեկ այլ կուսակցության համահիմնադիր է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախընտրական շրջանին ընդառաջ, Հայաստանում կրկին ամենաանհավանական ֆորմատներն են ձևավորվում։ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի Համահայկական ճակատին միացած ընդդիմադիր գործիչ Գևորգ Գևորգյանը, ով ամիսներ առաջ հեռացավ Կարապետյանից, պարզվում է՝ հիմա էլ հարել է մեկ այլ քաղաքական ուժի՝ հակաընդդիմադիր դիրքում գտնվող Ռոման Նազարյանի «Հայաստանի պետականակենտրոն կուսակցությանը»։ Ավելին՝ Գևորգյանը համահիմնադիրների շարքում է, այդ մասին ասաց ինքը՝ Ռ․ Նազարյանը, հավելելով, որ վաղուցվա ընկերներ են, և Արշակ Կարապետյանի հետ Գևորգյանն այլևս ոչ մի կապ չունի։
Դեռ այս տարվա մայիսի 8-ին Խուլերի միավորման շենքում նշանակված էր նրա կուսակցության համագումարը, սակայն այն խափանվեց՝ մի խումբ ակտիվ գործիչների շնորհիվ, որոնք թույլ չտվեցին, իրենց բնորոշմամբ, «թուրքական» կուսակցության հիմնումը։
Ակտիվիստներն էին բլոգեր Արթուր Չախոյանը, «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը, Մարինա Խաչատրյանը, Սարգիս Բեգրակյանը, ակտիվիստ Արթուր Գրիգորյանը։ Նրանք հայտարարեցին, որ կուսակցության իրական հիմնադիրներից մեկը բնակվում է Թուրքիայում՝ «Ալիևից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող... Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոբ» նշանակած և հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է»։
Կուսակցությունը դեռ հիմնադիր համագումար չի արել, սակայն պատրաստվում է անել հոկտեմբերին, Ռոման Նազարյանի խոսքով՝ չեն պատրաստվում ընկրկել «ստախոսների հայտարարություններից» և ավարտին են հասցնելու իրենց գործը։ Գրանցված համահիմնադիրները 5-ն են՝ Գևորգ Գևորգյանը և հանրությանն անհայտ 4 անձ, որոնք, Նազարյանի խոսքով, նախկինում քաղաքականությամբ չեն զբաղվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին