Հակոբ Աբրահամյան. Կարևոր է, որ Հայաստանում պարալիմպիկ սպորտաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնել
Սեպտեմբերի 6-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Փարիզում ընթացող Պարալիմպիկ ամառային խաղերին մասնակցող հայ մարզիկների՝ Գրետա Վարդանյանի (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանի (սայլակավազք), և մարզչական կազմի հետ։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀԲՄԸ Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Նադյա Գործունյանը, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյանը։
Ողջունելով ներկաներին՝ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հայկական համայնքի համար մեծ հպարտություն է տեսնել հայ մարզիկների մասնակցությունը Փարիզի՝ ինչպես օլիմպիական, այնպես էլ պարալիմպիկ խաղերին և դրա մասին են վկայում նաև մրցումների ընթացքում հանդիսատեսների շարքերում ծածանվող Հայաստանի բազմաթիվ դրոշները։
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մրցումների ողջ ընթացքում մեր մարզիկները զգացել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և հայ համայնքի աջակցությունը, ինչը քաջալերել է նրանց գերազանցել երբևէ գրանցած արդյունքները և նոր հաջողություններ արձանագրել։ Հակոբ Աբրահամյանն ընգծել է նաև Հայաստանում պարալիմպիկ սպորտաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու կարևորությունը։
Իր խոսքում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհավորել է հայ մարզիկներին փայլուն ելույթների համար և շնորհակալություն հայտնել Փարիզի պարալիմպիկ խաղերին Հայաստանի արժանապատիվ մասնակցությունն ապահովելու համար։ Նա նշել է, որ պարալիմպիկ հայ մարզիկների դրսևորած կամային բացառիկ հատկանիշները ողջ հայ ժողովրդի համար ոչ միայն հպարտության, այլ նաև ոգեշնչման աղբյուր են և հաջողություն մաղթեց նրանց հետագա մրցումներում։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյանն իր հերթին շնորհավորել է հայ մարզիկներին փայլուն ելույթների համար և ջերմությամբ հիշել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հիմնադրման հիմքում գտնվող «Փյունիկ» կազմակերպությունում իր անցկացրած կամավորության օրերը։ Նա հաջողություն է մաղթել հայ մարզիկներին և վստահություն հայտնեց, որ հետագայում նրանք նվաճելու են ավելի մեծ բարձունքներ։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում կայացել է Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը. Հայաստանի դրոշակակիրը եղել է Գրետա Վարդանյանը
- Հայաստանի պարալիմպիկ թիմին Փարիզում ֆրանսահայերը դիմավորել են զուռնա-դհոլով
- Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել