Երևանի բնակիչը մնացել է միայնակ՝ չվերահսկվող օդի աղտոտվածության խնդրի հետ․ Վարդանյան
Սեպտեմբերի 7-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մաքուր օդի միջազգային օր։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, կոչված է սևեռել բոլոր երկրների ուշադրությունն օդի աղտոտվածության խնդրին։ Համաձայն Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների տարեկան 7 մլն մարդ մահանում է օդի աղտոտվածության հետևանքով։
Օդի աղտոտվածությունն անդրադառնում է շնչառական համակարգի վրա, ալերգիկ և սրտանոթային հիվանդությունների պատճառ դառնում՝ հանգեցնելով վաղաժամ մահվան։
Երևանը ևս «աչքի է ընկնում» աղտոտված օդով, որում փոշում և այլ մասնիկների առկայությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի նորման։
Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Երևանի օդի աղտոտվածության պատճառները տարբեր են՝ տրանսպորտը, մեծածավալ շինարարություններն ու քաղաքի մեջ կամ մոտ գտնվող հանքերի շահագործումը։
Նրա խոսքով՝ Երևանում ունենք թե՛ կառավարման և թե՛ ոչ լիարժեք աշխատնանքների իրականացման մասով խնդիրներ։
«Օրինակ՝ չվերահսկվող շինարարությունը, որը ոչ մի սանիտարական, հիգիենիկ նորմերի չի համապատասխանում։ Շինանույթն օգտագործվում է բաց ձևով, շինհրապարակից մեքենաները դուրս են գալիս՝ առանց անիվները լվանալու, թափքը՝ բաց և այլն։ Բացի դրանից, Երևանում մենք չունենք ծով, խոշոր գետեր, չունենք անտառներ, բայց ունենք 5 անգամ պակաս կանաչ ֆոնդ, որը վերջին երկու տարվա ընթացքում ենթարկվում է զանգվածային ծառերի հատման։ Հեռացնում ենք խոշոր ծառերը, տնկում գաճաճ ծառերը, որոնք չեն դիմանում Երևանի կլիմայական պայմաններին։ Երևանում ունենք բաց հանքեր, որոնք առանց պաշտպանիչ գոտիների են գործում։ Այսինքն՝ կան հարցերի մի քանի խմբեր, որոնց պետք է կառավարել»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ բնակչությունը մնացել է անպաշտպան ՝ յուրաքանչյուր տարի սրվող օդային ավազանի աղտոտվածության հետ միասին։
«Հենց այս պահին ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Նորքի անտառներում։ Ժամանակին Նորքի անտառները Երևանի թոքերն էին, իսկ հիմա միայն շենքեր են, փոշի և աղմուկ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ ազդեցություն կարող է թողնել աղտոտված հողը մարդու առողջության վրա
- Ի՞նչ կարող են անել երկրները օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար
- Քաղաքացիները գործարկված հարթակով արդեն կարող են ծանոթանալ Երևանի օդի աղտոտվածության մակարդակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան