Մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն կկարողանանք հզորացման սուրբ նպատակի իրագործումը. Ոսկանյան
«Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը՝ մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան հիմնախնդիր, սահմանազատման և սահմանագծման ինչ-որ հարց և այլ «տեղային» խնդիրներ»,- նման տեսակետ է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Ըստ նրա, այս մոտեցումը մեզանում կտրականապես սխալ է և չի դիմանում որևէ քննադատության, քանի որ, դիցուք, Արցախի ամբողջական բռնազավթումից և այնտեղ իրականացված էթնիկ զտումից հետո էլ Հայաստանի հանդեպ պահանջները չեն դադարել, Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում զիջումներից ու Հայաստանի տարածքների բռնազավթումից հետո նույնպես մեր նկատմամբ լկտի նկրտումները շարունակվում են և այսպես շարունակ։
«Մինչդեռ իրականում խնդիրն ինքը՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն է իր բռնապետական և հակամարդկային վարչախմբով, որի այս տեսքով և ձևաչափով գոյությունն իսկ մշտական վտանգ է Հայաստանի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար։
Հետևաբար, Հայաստանում մեր պետության զարգացման և հզորացման խորքային օրակարգը պետք է ձևավորվի այն հիմնական ելակետից, ըստ որի՝ նույն այդ զարգացման և հզորացման առանցքային խոչընդոտը հենց արհեստածին Ադրբեջանն է իր բարբարոսական վարչախմբով կամ, այլ խոսքերով, մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն մենք կկարողանանք ապահովել հազարամյակների խորքից եկող մեր պետականության արժանապատիվ զարգացման և հզորացման սուրբ նպատակի իրագործումը»,- գրել է Վ.Ոսկանյանը։