Խոստանում եմ՝ իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը շատ հետաքրքիր է լինելու․ Հրայր Թովմասյան
«Խոստանում եմ՝ իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը, չեմ ուզում ասել, որ սենսացիոն են լինելու կամ բացահայտումներ են լինելու, բայց այն շատ հետաքրքիր է լինելու»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը։
«Ե՛վ այս գործի հետ կապված, և՛ ընդհանրապես բոլոր հարցերը, որոնց պատասխաններն այս ընթացքում ակնկալում էիք լսել կամ, սա միայն իմ գործն է,թե՞ խորքային արմատներ ունեցող գործող է,այս գործը մեր երկրի վրա ինչ հետևանքներ կարող է ունենալ, այս բոլոր հարցերի պատասխանները կլսեք։ Ցավոք սրտի, մենք եզակի երկրներից չենք , որտեղ ցանկացած նոր իշխանություն փորձել է իրեն ենթարկեցնել դատական ատյաններին։ Այս առումով համաշխարհային փորձը հետաքրքիր օրինակներ է տալիս,թե որտեղ է հաջողվել այդ երկրների հետ և ինչ է կատարվել, որտեղ չի հաջողվել և ինչ է կատարվել։ Երբ ես ասում էի, որ սա միայն իմ ՝ Հրայր Թովմասյանիս, խնդիրը չէ, ասում էի այդ ամեն ինչը նկատի ունենալով։ Ես ունեմ կանխատեսումներ, որոնք չեմ ցանկանա, որ իրականություն դառնան»,- ասաց Թովմասյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։ Դատական նիստի ավարտին Հրայր Թովմասյանը 30 րոպե ժամանակ խնդրեց, որպեսզի գնա ճառը վերցնի և գա, քանի որ ձեռքի տակ չունի։ Դատարանը բավարարեց և 30 րոպե ընդմիջում հայտարարվեց։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրական համառոտ եզրակացության համաձայն, Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան