Ադրբեջանում վայնասուն բարձրացավ ու մեզ արգելվեց ծանոթանալ «խաղաղության պայմանագրի» տարբերակներին. Խաչատրյան
«Ընդդիմադիր 4 պատգամավոր դիմել էին ու ստացել թույլտվություն ծանոթանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կոչվող պայմանագրի տեքստին, հետո Ադրբեջանում վայնասուն բարձրացավ, որ ընդդիմադիր ռևանշիստներին թույլ են տալիս ծանոթանալ այդ տեղեկությունների հետ և մեզ արգելվեց»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե կա՞ ինչ-որ կանոնակարգում, ո՞վ իրավունք ունի որոշել։
Ա.Սիմոնյանն ասաց, որ ՀՀ օրենսդրությամբ, ըստ էության, կարգավորվում են այն հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անձանց առնչվել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին։
«Նաև հնարավորություն կա տեղեկությունները տնօրինող պետական մարմինների կողմից որոշել, որ ընթացակարգերով պետք է ծանոթանան»,- նշեց նա։
Այնուհետև իր ելույթում Արթուր Խաչատրյանն ասաց. «Պատգամավորները դիմել են, ստացել թույլտվություն։ Ծանոթացել են փաստաթղթի 7-րդ, 8-րդ տարբերակներին։ Եթե այդ փաստաթղթերին ծանոթանալը մեր գաղտնիության թույլտվության մակարդակից վեր էր, այդ դեպքում այն մարդը, ով մեզ թույլ է տվել ծանոթանալ այդ փաստաթղթին, պետք է պատժվեր։ Եթե մենք, ծանոթանալով այդ փաստաթղթերին, արտահոսք ենք կազմակերպել, խախտել ենք օրենսդրությունը, մենք պետք է պատժվեինք։ Եթե այն մարդը, որը թույլ է տվել ու հիմա թույլ չի տալիս, ինքը պետք է պատժվի, որովհետև դա կամայականություն է։ Դա մեր դառը իրականությունն է։
Ուզում եմ պատասխանեք այս հարցերին, կարող եմ գրավոր ձևակերպել՝ ինչո՞ւ չի պատժվել այն մարդը, որ թույլատվություն է տվել՝ չունենալով դրա իրավունքը, ինչո՞ւ չենք պատժվել մենք, եթե օրենք են խախտել, ինչու չի պատժվում այն մարդը, ով այդ թույլտվությունը հիմա չի տալիս, ինչը շատ պատահական համընկել է ադրբեջանական վայնասունի հետ»։