Դաշնակները Արցախում փոխեցին նախագահին և Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին «թոկը վզներին» ուղարկեցին Եվլախ.Արթուր Հովհաննիսյան
«Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից որևէ մեկն այս պահին իրականացված չէ մյուս կողմերի կողմից, հետևաբար կարծում եմ, որ քննարկելի չէ այդ հայտարարության որևէ կետի կատարում, առավել ևս քննարկելի չէ այն նառատիվը, որ Հայաստանը որևէ կետ չի կատարում»,-ԱԺ-ի ճեպազրույցների սրահում հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ռուսական կողմի այն հայտարարությանը, թե Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որում ասվում է, որ Մեղրիով անցնող ճանապարհը վերահսկելու է ռուսական կողմը։
Նա հիշեցրեց, որ հայկական կողմն ասել է որ Հայաստնաի տարածքով չի անցնելու որևէ արտատարածքային ճանապարհ, իսկ եղած ճանապարհների վերահսկողություն իրականացնողին որոշելու է ՀՀ կառավարությունը։
ՔՊ-ական պատգամավորը հերքեց, թե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում նշված է, որ Մեղրիով անցնելիք ճանապարհը պետք է վերահսկի ռուսական կողմը, ըստ պատգամավորի ռուսական կողմն է նման կերպ մեկնաբանում։
Նա ասաց որ հայկական կողմին ոչ մի օգուտ չտվող գործողություն է նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից Հայաստանի ստորագրության հետ կանչելը։
Հովհաննիսյանի խոսքով՝ հայ ադրբեջանական բանակցությունները հարթ չեն ընթանում, առկա են մի շարք դժվարություններ, բայց խաղաղության պայմանագրի բովանդակության մեծ մասը համաձայնեցված է:
Նրա խոսքով՝ Բաքվից տարբեր հայտարարություններ են արվում, որոնց մի մասը կառուցողական չեն:
«ՀՀ-ն, սակայն, շարունակում է առաջ տանել իր նարատիվները, մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ: Եղել են դեպքեր, երբ Ադրբեջանից ավելի վատ հայտարարություններ են հնչել, բայց ստացվել է որոշակի հաջողության հասնել, հետևաբար եկեք սա որպես փակուղի չհամարենք»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցությունն ունի ստացված դրվագներ, բայց փորձը ցույց է տալիս, որ երբ այդ խոսակցությանը միջամտում են տարածաշրջանային այլ երկրներ, որոնք այլ շահեր ունեն, նրանց կողմից ճնշումները ևս կարող են անդրադառնալ Հայաստան-Ադրբեջան խոսակցության վրա:
«Կարող է երրորդ երկրի ներգրավվածության արդյունքում Ադրբեջանն այլ հռետորաբանություն դրսևորի, սա խանգարում է բանակցային գործընթացին»,-ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով արցախցիների իրավունքների ու վերադարձի հարցը խաղաղության պայմանագրի բանակցություններից դուրս թողնելու մասին արցախցի պաշտոնյաների հայտարարություններին՝ Հովհաննիսյանն ասաց. «Ես այլևս չեմ ճանաչում ԼՂ-ում պաշտոնյա և վերնախավ, ես այդ մարդկանց, որոնք ստորագրել են Արցախի լուծարման փաստաթուղթը, ամեն ինչ արել են, որ Արցախը լուծարվի, չեմ կարող համարել վերնախավ: Ինչ վերաբերում է հարցը դուրս թողնելուն, ապա այդ բանակցությունները ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև են։
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի իրավունքի հարցը բոլորս էլ հասկանում ենք, որ մտել է փակուղի, այն պատճառով, որ երբ մենք համոզում էինք, որ ԼՂ ներկայացուցիչները գնան Սոֆիայում բանակցեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որ կարողանան իրացնել իրենց իրավունքներն իրենց հողում, դաշնակները ներսում փոխեցին նախագահին, բոլոր նրանց, ովքեր ուզում էին գնալ բանակցելու, անվանեցին դավաճաններ ու Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին «թոկը վզներին» ուղարկեցին Եվլախ: Երբ ասում եք՝ ԼՂ մեր հայրենակիցների վերադարձ, վերադարձ ո՞ւր, չեն կարող, որովհետև նոյեմեբերի 9-ի հայտարարությունը չկատարվեց, ռուս խաղաղապահները չկարողացան ապահովել այդ անվտանգությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ պնդում է՝ եթե ՀՀ-ն հրաժարվեր նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ապա դրա մասին գոնե հրապարակային հայտարարություն կաներ. Աբրահամյան
- Լավրով. «Զանգեզուրի միջանցքը» երբեք չի քննարկվել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան