Հոկտեմբերի 5-ին Արենիում կանցկացվի Գինու Փառատոնը
Հոկտեմբերի 5-ին Արենի գյուղում սպասվում է հայկական գինեգործության վերածնունդը խորհրդանշող միջոցառումը՝ «Արենի Գինու Փառատոն»-ը։
Փառատոնն այս տարի կիրականացվի 16-րդ անգամ՝ գինեգործության բնօրրանում միավորելով գինեգործներին, գինեսերներին և Արենի համայնքը սիրող բոլոր այցելուներին։ Միջոցառման նպատակն է զարգացնել համայնքում իրադարձային զբոսաշրջությունը, բարձրացնել գյուղի կենսամակարդակը, նպաստել համայնքի տնտեսական շրջանառությանը, ինչպես նաև դիրքավորել Հայաստանը միջազգային շուկայում, որպես բարձրորակ գինու արտադրության առաջատար երկիր։
Տուրիզմի կոմիտեից հայտնում են, այս տարիների ընթացքում համայնքում տեղի են ունեցել զգալի դրական փոփոխություններ։ Միջոցառման շնորհիվ զարգացել է գինու տուրիզմը, բացվել են նոր գինեգործարաններ, ավելացել են գաստրո բակեր։ 15 տարի առաջ համայնքում կար ընդամենը 5 հյուրատուն, իսկ այսօր դրանց թիվը հասնում է 23-ի։ 4 գինեգործարանի փոխարեն այսօր գործում է 9 գինեգործարան, դրան զուգահեռ բացվել են նաև 5 նոր տնային ռեստորաններ։ Իսկ ընտանեկան գինեգործների թիվը ավելացել է մոտ 130-ով։
Հավատարիմ մնալով մեր նպատակին՝ այս տարի նույնպես կազմակերպում ենք գյուղացիների, հայրենակիցների և զբոսաշրջիկների կողմից սիրված փառատոնը։ Միջոցառումը սկսվելու է գինեգործության խորհուրդ հանդիսացող խաղողի ճզմման արարողությամբ։ Փառատոնին ներկայացված են լինելու տնայնական և արտադրական գինեգործների գինիները, իսկ միջոցառման տրամադրությունն ապահովելու է ազգային երաժշտությունն ու պարը։
Փառատոնի մուտքն ազատ է, սակայն որպես հուշանվեր կարելի է գնել 5000 դրամ արժողությամբ փաթեթը և գինեգործների տաղավարներից օգտվել ապակյա բաժակներով։
Հիշեցնենք, որ փառատոնը կազմակերպում է ««Արենի» փառատոն» հիմնադրամն ու «ԷվենտՏուրա» ընկերությունը՝ Արենիի համայնքապետարանի և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։