Մայր Աթոռին ընծայաբերվել է Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը
Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար տիար Վահե Գաբրաշին, ով Սուրբ Էջմիածին էր այցելել Մայր Աթոռին ընծայաբերելու համաքրիստոնեական սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու (III-IV դ․) մասունքը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Նորին Սրբությանը փոխանցելով հայազգի սրբի մասունքարանը՝ տիար Գաբրաշը ուրախությամբ ընդգծել է, որ այն Սուրբ Էջմիածնին է նվիրաբերում Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման պատմական առիթով։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական սերն ու օրհնությունն է բերել տիար Վահե Գաբրաշին՝ բարձրորեն գնահատելով վերջինիս նախանձախնդիր ոգին, այլև հավատարմությունն ու նվիրումը հանդեպ Սուրբ Էջմիածինը։
Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ արձանագրել է այն օգտաշատ ծառայությունները, որոնք մեծանուն բարերարը շարունակաբար մատուցում է հայրենիքին և Հայոց Եկեղեցուն։
Սուրբ Վլաս եպիսկոպոսի մասունքարանը ի պահ հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատանը, ուր այցելու հավատավոր ուխտավորները հնարավորություն կունենան հաղորդակից դառնալու սրբի մասունքներից ճառագող օրհնությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան