Փաշինյան. Սա նոր դիվանագիտական տեխնիկա է
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն անդադարձել է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։
Նա մասնավորապես ասել է.
«Կարևոր է Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև ավտոմոբիլային և երկաթուղային կապի հաստատումը Հայաստանի Հանրապետության տարածքով: Եվ մենք պատրաստ ենք, ինչպես երևում է նախագծից, նման հաղորդակցություն տրամադրել, բայց նաև պետք է արձանագրենք, որ այսօր Նախիջևանը զրկված չէ տրանսպորտային կապից, որովհետև և՛ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, և՛ Թուրքիայի տարածքով Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հնարավորություն ունի արտաքին աշխարհի հետ կապ հաստատել: Եվ, ըստ էության, մենք պատրաստ ենք ցանկացած պահի ձեռնամուխ լինել այս նախագծի իրագործմանը, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովմանը:
Ավելին ասեմ՝ շուրջ երկու տարի Հայաստանի Հանրապետության Կառավարության օրակարգում կամ օրակարգի մերձակայքում շրջանառվում է Կառավարության որոշման նախագիծ, որով մենք պատրաստակամ ենք իրականացնելու այս գործընթացը: Ի՞նչն է խանգարում այս գործընթացին, խանգարում է այն, որ կարծես թե մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել մեր կողմից առաջարկվող հնարավորությամբ: Մասնավորապես, թերևս դուք լսել եք նաև դրա մասին, շատ է քննարկվում հարցը, թե ինչքանով է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համապատասխանում կամ տեղավորվում այդ թվում՝ նոյեմբերի 9-ի 2020 թվականի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ: Վերջին շրջանում այս առումով քննարկումներն ակտիվացել են, և այդ քննարկումներում փորձ է արվում ներկայացնել, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր:
Ես պիտի միանգամից ասեմ, որ նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ, և դա ավելի հիմնավոր դարձնելու համար հիմա կմեջբերեմ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետից. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»:
Ինչպես տեսնում եք՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն անվտանգության գործառույթը և անվտանգության երաշխավորի դերը ՀՀ տարածքով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման՝ վերապահել է Հայաստանի Հանրապետությանը: Սա բաց, հրապարակային, հասկանալի տեքստ է, և այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև անտրամաբանական է, որ ինքնիշխան երկրի տարածքում որևէ այլ երկիր պիտի ապահովի անվտանգությունը:
Ընդհանարապես, ես ձեզ ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով, որոշ միջազգային գործընկերներ փորձում են ներկայացնել այն ինչ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Օրինակ՝ ի՞նչ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Չկա, որ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն: Նման դրույթ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ընդհանրապես չկա: Այսինքն, կրկնում եմ՝ դա հրապարակային փաստաթուղթ է, ես հրավիրում եմ բոլորին փնտրել, գտնել և գտնելու դեպքում, դեմ չենք նաև, մեզ տեղեկացնել, բայց պիտի արձանագրեմ, որ նման դրույթ գոյություն չունի: Ասում եմ, որպես մի մարդ, ով ստորագրել է այդ թուղթը: Չկա որևէ դրույթ, որը կնշանակի, որ Հայաստանի Հանրապետության իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում որևէ կերպ պետք է սահմանափակվի՝ մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական և այլ հսկողությունների առումով: Նման դրույթ պարզապես գոյություն չունի և չէր էլ կարող ունենալ:
Բայց շատ կարևոր է արձանագրել, որ այն ինչ ես հիմա մեջբերեցի որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գոյություն չունեցող դրույթ, շատերը փորձ են անում ներկայացնել որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթ: Սա նոր դիվանագիտական տեխնիկա է, որը, անկեղծ ասած, ինձ համար հասկանալի չէ, հղում անել փաստաթղթին և ներկայացնել դրույթ, որը փաստաթղթում պարզապես գոյություն չունի: Եվ պետք է ասեմ, որ նման գործելակերպը մեզ համար անհասկանալի է և ուղիղ պիտի ասեմ՝ անընդունելի:
Փոխարենը, եթե ուզում ենք տեսնել, թե ինչ կա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, օրինակ, նույն 9-րդ կետում փորձ է արվում ներկայացնել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապն ապահովելու մասին է, մինչդեռ կետը սկսվում է հետևյալ կերպ, մեջբերում եմ. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է, իսկ 9-րդ կետի հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին է:
Եռակողմ հայտարարության 7-րդ կետն ասում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Ինչպես տեսնում եք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանի նախագահը, ես այդ փաստաթուղթը ստորագրեցինք, դրանից հետո ոչ միայն այդ պահին Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները լքած հայ փախստականները չեն վերադարձել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, այլև ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվել է՝ էթնիկ զտումների բերումով:
2020 թվականի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ասում է. «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»: Մինչև օրս Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, պատանդներ և այլ պահվող անձինք, և մինչև օրս նրանք չեն վերադարձվել, և սա նույնպես դրույթ է, որը կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և ինչպես տեսնում եք՝ չի կատարվել: Ցավոք, պիտի ասեմ, որ որևէ գործընկեր որևէ հիմք չունի Հայաստանին մեղադրելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ որևէ դրույթ չիրականացնելու մեջ, իսկ ինչպես տեսնում եք՝ Հայաստանի Հանրապետությունը և ընդհանարապես ցանկացած անկախ և օբյեկտիվ դիտորդ, ունի հիմքեր ասելու, որ եռակողմ հայտարարության մեր մյուս գործընկերները առնվազն ամբողջությամբ չեն իրականացրել իրենց պարտավորությունները»։