Փաշինյան. Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ
«Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է»,-այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողությանը:
«Առաջինը, իհարկե, պիտի անդրադառնամ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններին: Դուք վերջին շրջանում շատ եք լսել, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, այդ մասին եղել են հայտարարություններ տարբեր ամբիոններից, և ուզում եմ գործնականում նշել, թե ինչ է դա նշանակում:
Խաղաղության պայմանագրի նախագծի այս պահի դրությամբ առկա արդյունքներով՝ 13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում 2 նախադասությունից, մասնակի համաձայնեցված են, եթե ավելի առարկայական լինեմ, այդ հոդվածների նախադասություններից 1-ը համաձայնեցված է, մյուսը՝ համաձայնեցված չէ:
Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ առանցքային, անկյունաքարային հիմնարար դրույթները, մենք առաջարկում ենք վերցնել այս պահին այն ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ, որ հենց խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանի Հանրապետությանը, հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները:
Էլ չեմ ասում, որ խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված մասում ակնհայտորեն նախատեսվում է դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Եվ հետևաբար, մենք կարող ենք գնալ նման լուծումների և այդ առաջարկն արել ենք հրապարակային և պաշտոնապես: Եվ ես ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը, իմ պատրաստակամությունը՝ ստորագրել առաջիկա հնարավոր ժամկետում, ահա համաձայնեցված տեքստը խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան