Դե Մատենադարանն էլ փակեք, արդիականությունը կորցրել է. Դանիելյանը՝ Գիտատեխնիկական գրադարանը լուծարելու մասին
«22 միլիոն գրականությամբ Գիտատեխնիկական գրադարանը լուծարվել է ու այդքան գրականությունը բախտի քմահաճույքին է, ոչ խնամք կա, ոչ համապատասխան աշխատողներ կան»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ փակելուց հետո նոր քննարկումներ են տեղի ունենում։
«Չէ՞ր կարող ավելի վաղ քննարկումներ տեղի ունենային։ Այնտեղ պահվում է 77 երկրից 66 լեզուներով գրականություն։ Չգիտես՝ մեկ-երկու ամիս հետո ինչ կլինի այդ գրքերի ճակատագիրը»,- ասաց Դանիելյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ ֆոնդը շարունակում է մնալ պետական գույք, դրա պահպանությունը, նույնիսկ եթե համապատասխան գրադարանը որպես իրավակազմակերպչական կառույց դադարեցրել է գործունեությունը, օրենսդրությամբ կարգավորված է, թե որ մարմինն է իր վրա կրում այդ ֆոնդի պահպանման գործառույթը։
«Դա պետական գույքի կոմիտեն է։ Չեմ կարծում՝ որևէ վտանգի մասին տեղին է խոսելը»,- ասաց նախարարը։
Ժ. Անդրեասյանն ասաց, որ բոլոր գրադարանային հավաքածուները կարևոր են, բայց նաև պետք է հասկանալ, օրինակ, նույն տեխնիկական գրականությունը, որը մի քանի տասնամյակ առաջ եղել է շատ արդիական, ի՞նչ արդիական նշանակություն է շարունակում ունենալ ոլորտի համար, հատկապես երբ որ էլեկտրոնային գրադարանային, տեղեկատվական շտեմարանների այսպիսի հասանելիություն ունեն։
«Իհարկե, դա կարևոր է, օրակարգային հարց է, բայց խնդրում եմ յուրաքանչյուր հարցի կշիռն ու արդիականությունը պահենք իր ժամանակի մեջ»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Գառնիկ Դանիելյանը հավաստիացնում է, որ դրա կշիռը շատ մեծ է։
«Ինչ վերաբերում է թվայնացմանը, շատ չնչին ծավալներով է թվայնացվել։ Իսկ եթե նայենք այդ թվայնացմանը, նշանակում է՝ բոլորը թվայնացնենք, գրադարաններն էլ փակենք։
Սա մեր վերաբերմունք է գրքի նկատմամբ։ Ասում եք՝ արդիականությունը կորցրել է։ Ի՞նչ է նշանակում արդիականությունը կորցրել է։ Դե Մատենադարանն էլ փակեք, արդիականությունը կորցրել է։ Չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը լուծարում է 22 մլն գրականությամբ բացառիկ գրադարանը.Ահազանգ
- ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանն ահազանգում է՝ պատկան մարմիններն ընտրել են գրադարանի համար կործանարար տարբերակը
- ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը լուծարվում է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան