Քասախցիները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին. «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան»
Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի բնակիչները փակել են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը։ Ոստիկաններն ուժով փորձում են հեռացնել մայրուղին փակած ավտոմեքենաներից մեկը։ Նաև քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին։
Բնակիչների ներկայացմամբ, Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ցանկանում է ավագանու նիստում որոշում ընդունել, ըստ որի՝ բնակիչներին գյուղատնտեսական նշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի: Այսինքն, եթե բնակիչները իրենց սեփական հողի վրա ցանկանան տուն կառուցել, համայնքի ղեկավարը պետք է առանձին-առանձին դիտարկի հարցերը, և ավագանու որոշմամբ՝ կթույլատրվի կառուցել, կամ ոչ:
Ավագանու անդամ Արմեն Համբարձումյանը լրագրողներին ասաց, որ դեռևս 2011 և 2017 թվականների գլխավոր հատակագծով հողատարածքները բնակելի գոտու մեջ են մտնում. «Հիմա Նաիրի համայնքի ղեկավարն իր նախաձեռնությամբ, մարդկանց առանց տեղյակ պահելու, հողատարածքները հանում է կառավարության որոշման գենպլանից։ Նոր խայտաբղետ գենպլան է ուղարկել։ Կոռուպցիայի ճանապարհ է բացում։ Մարդիկ եթե ուզում են գյուղնշանակության հողի նշանակությունը փոխել ու սարքել բնակելի, ամեն քառակուսու համար վճարում են 6800 դրամ»։
Ըստ նրա, մարդկանց այս որոշմամբ գցելու է քաշքուկի մեջ, և մարդիկ ի վերջո կփորձեն կաշառքի միջոցով արագացնել գործընթացը։
«Նորայր Սարգսյան, աչքդ տնկել ես մարդկանց եղածի վրա, ուրիշի երեխայի հացը ուզում ես իրենց ձեռքից առնել։ Չես մարսելու»,- ասաց Ա.Համբարձումյանը։
Նա առաջարկում է այս հարցը հանել ավագանու նիստից օրակարգից, որը կայանալու է այսօր ժամը 16․00-ին, մեկ ամսում կարգավորել ու նոր ընդունել։
«Այս մարդը հիստերիայի մեջ ընկավ, երբ նման առաջարկ արվեց։ Ի՞նչն է քո հիստերիայի պատճառը։ Չի կարողանում պատասխանել այդ հարցին։ Բայց մեզ պարզ է՝ իր համար սև շուկա է ստեղծում։ Թույլ չենք տալու։ Կգնանք կառավարություն, Նիկոլ Փաշինյանին բոլոր փաստաթղթերով ապացուցելու եմ, որ թալանչի, ագահ մարդ է»,- ասաց Ա. Համբարձումյանը։
Ակցիայի ժամանակ մեքենաներից մեկի վարորդը վանկարկեց՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան»։
Ա. Համբարձումյանն ասաց, որ ակցիան քաղաքական չէ, «քշի, գնա»։
«Դրա համար բացեք ճանապարհը, որ նման բան Քասախում չլինի։ Հարցը լուծված է, դուք ուղղակի շոու եք սարքել։ Ճանապարհը բացեք, մենք հարցը քաղաքակիրթ ձևով լուծենք»,- ասաց Քասախի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանը։
Մանրամասն՝ yerkir.am-ի տեսանյութում։