Վերջիվերջո մեկը պատասխան տալո՞ւ է մեր քաղաքում իրականացվող նման վայրենի գործողությունների համար. Քրիստինա Վարդանյան
Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի , Պարույր Սևակ փողոցի վրա գտնվող մանկապարտեզների, դպրոցների ու հիվանդանոցների մեջտեղում կատարվել է բարձրահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման աշխատանքներ։ Սոցիալական հարթակի օգտատերերի հրապարակած տեսանյութից երևում է, թե ինչ ահռելի փոշու ամպ է բարձրանում պայթյունից հետո։ Նման շինարարական և բնապահպանական նորմերի կոպտագույն խախտման շուրջ Panorama.am-ը զրուցեց Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանի հետ։
Ք. Վարդանյան-Այն անընդունելի մի բան էր։ Բնակելի գոտում պայթեցման նման աշխատանքներ անել՝ մարդկանց չիրազեկելով, առանց ջրցանների, նման մակարդակի ցնցում և փոշի առաջացնել... Ես արդեն չգիտեմ, թե ինչպես արձագանքենք մեր քաղաքում հիգիենիկ նորմերի կոպտագույն խախտումներին և ամենասարսափելին, որ դա կատարվում է այն պարագայում, երբ անընդհատ մասնագետներն ասում են, որ Երևանում օդային ավազանը փոշու առումով կրկնակի աղտոտվածություն ունի։ Ովքե՞ր են վերահսկողները, ինչու է թույլ տրվում նման գործելաոճ, վերջիվերջո մեկը պատասխան տալո՞ւ է մեր քաղաքում իրականացվող նման վայրենի գործողությունների համար։ Ոչ ջրցան, ոչ ցողում, նույնիսկ՝ ոչ մի նախապատրաստական աշխատանք՝ պատուհանները փակելու, փողոցում չլինելու վերաբերյալ բնակչության իրազեկում չի արվել և այլն։
Panorama.am -Ինչպես կգնահատեք այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքապետի գլխավորությամբ ամեն խորհրդակցությանը խոսում է շինարարներին փոշեպաշտպանիչ ցանցեր տեղադրելու հարցում պարտադրելու, տույժեր և տուգանքներ նշանակելու գործողությունենրի մասին, և դրա ֆոնին նման քանդման աշխատանքների թույլտվության փաստ է արձանագրվում։
Ք. Վարդանյան-Եթե մենք ձևականորեն ինչ-որ բանի հետևից ենք ընկած և պահանջում ենք շինարարներին, կառուցապատողներին, որ իրենք շինհրապարակներում ունենան փոշու չափիչ ինչ-որ սարք, դրանք ձեռք բերեն և տեղադրեն, իսկ չտեղադրելու դեպքում պատժամիջոցներ են կիրառում։ Մենք պահանջում ենք փոշեպաշտպանիչ ցանցեր և, ի դեպ, այն ամբողջ աշխարհն է պահանջում, միայն Երևանում չէ, պահանջելուց հետո անցնում են ամիսներ և ոչ մի բան չի արվում նորմալ, ինչպես պահանջվում է՝ կարկասներով չեն հավաքվում և այս ամենի ֆոնին մենք ականատեսն ենք լինում ինչպես բնակելի գոտում կատարվում է պայթեցում նման ձևով, ոչ մի ստանդարտի չհամապատասխանող աշխատանքներ, որից հետո փոշին շատ երկար ժամանակ դեռ մնալու է օդի ավազանում...Ես ուղղակի բացատրություն չունեմ։ Այս մարդիկ ամեն ինչ անում են ցույց տալու համար, բայց այստեղ չկա մասնագիտական որակական, հետևողական, որևէ վերաբերմունք բնապահպանական ահռելի խնդիրենրին, որոնց մեջ ապրում է երևանցին։