Պարզ հարց ունեմ՝ ստորագրվելու պահից հետո մեր սահմանները բացվելո՞ւ են․ Աննա Գրիգորյան
Մի բան է հողի վրա խաղաղություն, մեկ այլ բան՝ թղթի վրա։ Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այն պայմանագիրը, որն այս պահին բանակցային սեղանին է, ներառված են առանցքային, հիմնարար սկզբունքներ։ Վստահաբար՝ այստեղ իմ և ձեր պատկերացումները հիմնարար սկզբունքների մասին տարբեր են։ Օրինակ՝ ինձ համար հիմնարար սկզբունք կլիներ գերիների վերադարձի հարցը, որն այնտեղ արտացոլված չէ։ Դժվար եմ պատկերացնում կնքել խաղաղության պայմանագիր այն ժամանակ, երբ քո հայրենակիցները, որոնք ունեն ՀՀ անձնագիր, շարունակեն գտնվել Բաքվի բանտերում։ Սա պետության արժանապատվության հարց է»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ տվյալ պայմանագրում հիմնարար սկզբունք պետք է լիներ այն, որ սահմանները բացվեին։
«Պարզ հարց ունեմ՝ ստորագրվելու պահից հետո մեր սահմանները բացվելո՞ւ են,թե՞ խաղաղության պայմանագիր ենք կնքելու և շարունակենք ապրել փակ սահմաններով»,- ասաց պատգամավորը։
Հաջորդն,ըստ Գրիգորյանի, ադրբեջանական զորքի մեր տարածքից դուրս գալուն պետք է վերաբերի։
«Դժվար եմ պատկերացնում խաղաղություն կնքել մի երկրի հետ այն ժամանակ, երբ նույն երկրի զորքերն օկուպացրել են քո սուվերեն տարածքները»։
«Պայմանագրի ստորագրումը ՝ պատերազմի բացառումն է»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։