«Հրապարակ». Արցախի քաղաքական վերնախավը որոշել է վերցնել իրեն նետված ձեռնոցը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի քաղաքական վերնախավն այլևս որոշել է չլռել, նրանք որոշել են վերցնել իրենց նետված ձեռնոցը և պատրաստ են ցանկացած գրոհի։ Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արցախի լուծարումից հետո արցախցի պաշտոնյաներ գոյություն չունեն, որ դեռ մի բան էլ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստեր հրավիրեն։ Անգամ ասաց, որ Արցախի ներկայացուցչության կարգավիճակն է պետք փոխել, այսինքն` խլել արցախցիներից: ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը ՔՊ-ն նշանավորեց հակաարցախյան այլ հայտարարություններով ևս: Մեր տեղեկություններով՝ նախօրեին ողջ օրն Արցախի քաղաքական գործիչները քննարկել են՝ ինչ արժանի հակահարված տալ, և համակարծիք են եղել, որ այսուհետ ՀՀ բարձր մակարդակով արված բոլոր նմանատիպ հայտարարություններին համարժեք պատասխան պետք է տալ, քանի որ իրենց լռությունն ընկալվում է որպես համաձայնության նշան։
Սկզբում քննարկել են չորս ֆրակցիաների անունից հայտարարության տեքստի տարբերակը, սակայն եկել են ընդհանուր հայտարարի, որ ԱԺ նախագահին Արցախի իր պաշտոնակիցը պետք է պատասխանի։ Պատմեցին, որ մի փոքր դժվար է եղել Սամվել Բաբայանի կուսակից, Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին համոզելը, այդուհանդերձ, ստացվել է։ «ԱՀ ԱԺ պաշտոնյաները (պատգամավորները), ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել՝ անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք»,- նշված է Բաղունցի հայտարարության մեջ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։