Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության, անկախության հետ. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին
«Արդեն մի քանի օր է մենք ԱԺ ամբիոնում քննարկում ենք ՀՅԴ-ի կողմից շրջանառված շրջաբերական 004-ը, որտեղ առկա են Հայաստանի անկախությունը զիջելու մասին որոշակի դրույթներ, մասնավորապես Հայաստանը միութենական պետության կամ Ռուսաստանի կազմում տեղավորելու մասին»,- ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Այնուհետև նշեց. «Երբ դրա մասին խոսում ենք, տարատեսակ դաշնակցական քաղաքական գործիչներ, այդ թվում արագ կամ դանդաղ վազող գործիչներ, պարբերաբար ինչ-որ արտահայտություններ են անում՝ դրանք որակելով «մուտիտ» կամ նմանատիպ այլ բառամթերքով պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:
Պարբերաբար պնդումներ են անում, թե ՀՅԴ-ն կանգնած է Հայաստանի անկախության ակունքներում, որ ՀՅԴ-ն պայքարում է Հայաստանի անկախության համար»։
ՔՊ-ական պատգամավորը միացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մի հատված։ Ըստ Ալեքսանյանի միացրած ձայնագրության, լրագրողը հարցնում է՝ «կո՞ղմ եք, որ Հայաստանը միանա Միութենական պետությանը, թե ձեզ համար անկախությունը բացարձակ արժեք է», Ռ.Քոչարյանն էլ պատասխանում է՝ «տպավորությունն այնպիսին է, որ մենք մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու միգուցե կարիք ունենք»։
««Մեծ միավորում տեղավորվելու կարիք»... ահա այսպես մեծ միավորում տեղավորվողների ու տեղավորողների այս կույտը փորձում է իրեն անվանել Հայաստանի անկախության ակունքներում կանգնած քաղաքական թիմ ու Հայաստանի ինքնիշխանությունը չզիջող թիմ։
Դուք կապ չունեք Հայաստանի ինքնիշխանության հետ, դուք կապ չունեք Հայաստանի անկախության հետ, մաքսիմումը, որ դուք կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է, ինչը վերջին շրջանում այդքան էլ լավ չի ստացվում»,- ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։
ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խնդրեց. «Երբ որ ինչ-որ մեկի մասին գնահատականներ ենք տալիս, մենք մեզ պետք է առաջինը նայենք՝ ո՞վ ենք, ի՞նչ ենք արել, մենք այդ իրավունքն ունե՞նք ինչ-որ մեկին այդ տոնով քննադատել ու վիրավորել։
Ինչ-որ մեկին փորձել վարկաբեկել՝ նշելով, որ այս մարդը դեմ է Հայաստանի անկախությանը, ճիշտ չէ»։