Երկու օրվա ընթացքում թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանի տարբեր մասերում
Սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները ժամը 14:35-ի սահմաններում ծառայողական ավտոմեքենայով Գրիբոյեդովի փողոցում նկատել են քաղաքացու, ում ձեռքի մեջ երևացել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ: Վերջինս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու կասկածով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան։
Քննչական կոմիտեից հայտնում են՝ անձնական խուզարկությամբ նրա կիսատաբատի գրպանից հայտնաբերվել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել 7.56 գրամ նախնական քաշով բուսական զանգված՝ յուրահատուկ հոտով։
Պարզվել է, որ 35-ամյա երիտասարդը սույն թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, տելեգրամյան ալիքից պատվիրել է 110 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը, իրացնելու նպատակով, տեղադրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ տարբեր վայրերում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 35-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս դեռևս 2024թ․ հուլիսի 20-ից 100 ԱՄՆ դոլար դեպոզիտ գումար մուտքագրելով տելեգրամյան նույն կայք-էջի միջոցով իրեն փոխանցված հաշվեհամարին, ամենօրյա ռեժիմով սկսել է ձեռք բերել օրական շուրջ 20-50 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնք տեղադրել է Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների բազմաթիվ վայրերում։
Միայն սեպտեմբերի 3-ին և 4-ին նա Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում տեղադրել է ընդհանուր 154 փաթեթ թմրամիջոց, ապա լուսանկարել դրանց գտնվելու վայրերը և կոորդինատներն ուղարկել տելեգրամյան նշված կայք-էջին՝ յուրաքանչյուր փաթեթի դիմաց 7 դոլար գումար ստանալու պայմանով։ Ըստ ստացված տվյալների՝ գումարները փոխանցվում են՝ փոխակերպվելով կրիպտոարժույթներով։
Երիտասարդը պարեկների կողմից կանգնեցվել և ձերբակալվել է թմրամիջոցների տեղադրման վայրերի լուսանկարները տելեգրամյան կայքի օգտատիրոջն ուղարկելու ընթացքում։
Վերջինիս մասնակցությամբ կատարվել է համապատասխան քննչական գործողություն, որի ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք վայրերից հայտնաբերվել են 13 փաթեթ թմրամիջոցի նմանվող զանգվածներ։
ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում նշանակված դատաքիմիական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն՝ անձի մոտ հայտնաբերված ու փորձաքննության ներկայացված փաթեթներում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 35-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան