Ակադեմիական քաղաքի կլաստերի համատեքստում միավորվեց Ոստիկանության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան
«Նախագծային փաթեթով առաջարկվում է միավորել Ոստիկանության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և ՆԳՆ-ի ներքո ունենալ մեկ միասնական կրթահամալիր»,-կառավարության նիստում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ միավորումը թույլ կտա մեկ կետից իրականացնել այն քաղաքականությունը, որը նախարարությունը կմշակի մի դեպքում ոստիկանների, մյուս դեպքում՝ փրկարար ծառայողների կրթության ապահովման և գործունեության ապահովման երաշխավորման տեսանկյունից:
Փոխնախարարի խոսքով՝ ենթակառուցվածքների առումով նախատեսվում է, որ միասնական կրթահամալիրը տեղակայված կլինի Ակադեմիական քաղաքում:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Պատկերավոր ասած՝ շարքայինից գեներալ դառնալու ճանապարհին ՆԳՆ ակադեմիան պետք է ոստիկանին, ոստիկանության ծառայողին և փրկարարին ուղեկցի»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասաց, թե որոշումը բուհերի միավորման գործընթացի մի մասն է, և միավորումը գալիս է դյուրին դարձնելու Ակադեմիական քաղաքում սպայական կլաստեր ստեղծելու աշխատանքները:
«Մենք գործընկերների հետ քննարկում ենք նաև սպայական կլաստերում սպայական համալսարանի ամբողջական ենթակառուցվածքի հետ կապված հարցերը, որպեսզի կրթական այդ ստանդարտն ունենա համապատասխան միջավայր»,-ասաց Անդրեասյանը: