«Ժողովուրդ». «Ուիգմոր» բժշկական կենտրոնի տրված ձևակերպումը՝ «Ի նպաստ երեխաների ապահով և որակյալ բուժօգնության» մի՞ֆ է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ուիգմոր» նորաբաց բժշկական կենտրոնին ՀՀ կառավարությունը 1.5 մլն դոլար է փոխանցել՝ առանց ռիսկերի փաստացի գնահատման: 2022 թվականի դեկտեմբեր ամսին Երևան քաղաքում մեծ շուքով բացվեց «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական կենտրոնը: Հիմնադրման օրվանից այս բժշկական կենտրոնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում առողջապահության նախարարությունը՝ շեփորահարելով այս կլինիկայի առավելությունների, բարձրակարգ լինելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ առանց նախնական հաշվարկներ անելու, առանց ռիսկերը փաստացի գնահատելու՝ առողջապահության նախարարությունը 2023 թվականի սկզբին 600 մլն դրամի պետական պատվերով ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել այս բժշկական կենտրոնի հետ: Որպես կանոն՝ պետական պատվեր հիվանդանոցներին տրամադրվում է առնվազն մեկ տարի վճարովի սկզբունքով գործելուց հետո, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ որակի ծառայություն է մատուցում հիվանդանոցը: Այսօրինակ ֆինանսավորում, ինչպիսին արվել է «Ուիգմոր»-ի դեպքում, ՀՀ առողջապահության համակարգում երբեք չի արձանագրվել, լիազոր մարմինը՝ պետական պատվեր տեղադրողը, շատ ավելի զգուշավոր է եղել ֆինանսների տրամադրման գործում: Մշտապես սպասել են, դիտարկել նորաբաց կլինիկաների աշխատանքը և նոր սկսել ֆինանսավորել, այն էլ՝ «Ուիգմոր Գրուփ»-ին հատկացված գումարից 20-30 անգամ պակաս չափով:
Բայց հանրության, առողջապահության կառավարիչների, տարիների փորձ ունեցող բժիշկների որոշակի շրջանակում ձևավորվել է կարծիք, որ այս կլինիկան Հայաստանում առանձնահատուկ է, պայմանները, վերանորոգումը, կահավորումը, դիզայնը չունեն իրենց հավասարը, և որ մրցակցելը նրա հետ շատ դժվար է, առավել ևս, եթե հավելենք, որ ճանաչված շատ բժիշկների են հրավիրել աշխատելու «Ուիգմոր Գրուփ»-ում. սակայն իրականությունը ամենևին էլ այդքան վարդագույն և կատարյալ չէ: Բուժայցելուներից ոմանք, լինելով ավելի ուշադիր, դիտարկել են, թե իրականում ինչ վիճակ է տիրում հիվանդանոցում, և անգամ ներկայացվող «գերազանց պայմաններից» «Ժողովուրդ» օրաթերթին փաստեր են ներկայացրել (տեղադրում ենք «Ուիգմոր Գրուփ»-ի լավ վերանորոգված և կահավորված պայմանները): Նոր վերանորոգված, գովազդված հիվանդանոցում ինչպիսի խայտառակ պայմաններ են. սանհանգույցի առաստաղը բաց է, մանկական հիվանդասենյակի սանհանգույցում էլեկտրական լարերը դուրս են եկել պատից ու հասանելի են երեխաներին: Հիվանդասենյակի մահճակալի վերևի մասում ևս բաց լարերը հասանելի են երեխաներին…
Ստացվում է, որ «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի համար տրված ձևակերպումը՝ «Մանկական հիվանդանոցային բուժօգնության բացառիկ մշակույթ՝ ի նպաստ երեխաների ապահով և որակյալ բուժօգնության» միֆ է: Անգամ հիվանդանոցային տարրական անվտանգային պայմաններն ապահովված չեն, ու տեսչական որևէ մարմին ոչինչ չի անում բարձրակարգ հիվանդանոցը վերահսկելու, խախտումները բացահայտելու համար: Ինչո՞ւ, որովհետև բոլորը գիտեն, որ առողջապահական ոլորտում «Ուիգմոր»-ը վայելում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հովանավորությունը, և նրա մայրը ինչ-ինչ առնչություն ունի այս հիվանդանոցին կամ դրա տարբեր մասնաշենքերի բացմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին