Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Տոնոյան
«Գագիկ Ծառուկյանը օլիմպիական խաղերին հաջորդող այս ժամանակահատվածում աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, կենտրոնացած է բազմաթիվ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման վրա, և օրակարգում քաղաքական կոնսուլտացիաներ կամ դրանց առնչվող հարցեր ընդգրկված չեն: Սա միանշանակ է»,-հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով քաղաքական գործիչներից մեկի հարցազրույցին հետևած տարբեր մեկնաբանություններին։
«Ամենայն հարգանքով տարբեր քաղաքական ուժերի, դրանց անդամների հանդեպ, թեև կան համատեղ աշխատանքի հաջողված պատմություններ, և շատերի հետ պահպանվում են մարդկային լավ հարաբերություններ, այնուամենայնիվ, գոնե այս պահին, քաղաքական կոնսուլտացիաներ և համագործակցային ձևաչափերի շուրջ քննարկումներ չեն ընթանում: Ավելացնեմ նաև, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք»,-նշել է Տոնոյանը։
Նշենք, որ օրեր առաջ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն «Ազատություն» ռկ-ին տված հարցազրույցում մասնավորապես հայտարարել է՝ այս իշխանությանը կարող է հեռացնել միայն ռեալիստական դիրքերից հանդես եկող ընդդիմությունը։
«Ես ակտիվ շփումների մեջ եմ քաղաքական դաշտի շատ սեգմենտների հետ»,-ասել է Սուրենյանցը։
Նա հանդիպումներից ու քննարկումներից շատ մանրամասներ դեռ չի հայտնել։ Ասել է՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) ու Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ է հանդիպումներ սկսել.
«Ես առանձին այդ երկու ուժերի հետ ինտենսիվ շփումների մեջ եմ և ակնկալում եմ, որ այդ շփումներս մի օր կբերի, որ կկարողանանք ավելի մեծ ֆորմատով ընդհանուր քայլեր անել կամ ընդհանուր քննարկումներ անել»։