Կառավարությունից չեն հերքում Եղիշե Կիրակոսյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրերը
Կառավարությունից չեն հերքում՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրերը։
Հիշեցնենք, որ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի մասին լուրերը տարածվել են ավելի քան երկու ամիս առաջ, երբ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը գրել էր, որ դիվանագիտական շրջանակների իրենց աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Նշվում էր, որ Կիրակոսյանը պատրաստվում է արձակուրդից չվերադառնալ և հրաժարական տալ։
Վերջին շրջանում, թեև Եղիշե Կիրակոսյանը արձակուրդից վերադարձել և մասնակցում է կառավարության նիստերին, այդուհանդերձ, ակտիվություն՝ որպես այդպիսին՝ նկատելի չէ։ Իսկ Փաշինյանն էլ ասուլիսում հայտարարեց, թե իրատեսական չի համարում արցախցիների վերադարձը Արցախ, մինչդեռ Հաագայի դատարան ներկայացված դիմումները հենց այդ իրավունքի իրացմանն է վերաբերում։ Հետեւաբար՝ կամ Ե.Կիրակոսյանը պետք է հետ վերցնի իր դիմումները կամ Փաշինյանը փոխի իր քաղաքական գիծը։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում ր ուղարկել ՀՀ կառավարություն՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք ՀՀ վարչապետի աշխատակազմում ստացվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատվելու դիմումը, եթե նման դիմում ստացվել է, ապա երբ է այն մուտք եղել կառավարությունում և արդյոք դրա քննարկումն ավարտվել է։ Այսօր կառավարությունից ստացել ենք գրավոր պատասխան, որով փաստացի չեն հերքել, որ նման դիմում ստացվել է, սակայն նշել են՝ անձնական տվյալ է։
«Աշխատանքային օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների հետ կապված և որոշակի աշխատողին վերաբերող՝ գործատուին անհրաժեշտ տեղեկությունները համարվում են աշխատողի անձնական տվյալներ։ Այսինքն՝ աշխատանքի կազմակերպման, պաշտոնավարման ժամկետների, պաշտոնի փոփոխության կամ առաջխաղացման, պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ աշխատողի կամ գործատուի նախաձեռնությունների, առաջարկների կամ դրանց բացակայության վերաբերյալ տվյալները հանդիսանում են գործատուի կողմից տնօրինվող աշխատողի անձնական տվյալները, որոնց փոխանցումը երրորդ անձանց սահմանափակված է նույն օրենսգրքի 134-րդ հոդվածով»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են կառավարությունից՝ հավելելով, որ Եղիշե Կիրակոսյանը ներկայումս զբաղեցնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը և իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները։
Նկատենք, որ նախկինում կառավարության աշխատակազմը հանրային հետաքրքրություն ներկայացնող նման հարցը չէր համարել անձնական տվյալ ու հրապարակել էր աշխատանքից ազատելու կամ նշանակելու միջնորդություն նախագահին ներկայացնելու մասին տեղեկությունը։ Այս պարագայում հանկարծ որոշեցին դա ներկայացնել որպես անձնական տվյալ, ինչից հետեւում է, որ դիմումը ներկայացվել է, բայց դեռ վերջնական որոշում չկա։
Հարակից հրապարակումներ`
- Մոռանում են «զավթիչ տրոյկայի» անդամ, գերագույն հեծանվորդի օգնական Եղիշե Կիրակոսյանին. Մելիքյան
- Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
- Ապրիլին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն Միջազգային դատարանում. Եղիշե Կիրակոսյան