Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է եպիսկոպոսաց ժողով
Սեպտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում սպասավորող եպիսկոպոսների ժողով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ողջունելով ժողովականներին` Նորին Սրբությունը ուրախությամբ ընդգծել է, որ Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստական աշխատանքները ամփոփման փուլում են։
Այնուհետև զեկույցով հանդես է եկել Մյուռոնօրհնության, Մայր Տաճարի վերաօծման և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ ներկայացնելով հանձնախմբի կողմից իրականացված աշխատանքները։
Տեղեկացվել է, որ սրբազան արարողություններին մասնակցելու են Հայաստանից ու Սփյուռքից բարձրաստիճան եկեղեցականներ, ազգային կյանքում նշանակալի դերակատարություն ունեցող հայորդիներ, Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների պատվիրակներ, պետական, դիվանագիտական, հասարակական, գիտակրթական, մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, այլև ուխտավորներ և հյուրեր:
Արարողությունների իրազեկման համար պատրաստվել ու հրապարակվել են հոլովակներ, հանրապետության տարբեր շրջաններում տեղադրվել են իրազեկող պաստառներ, հրատարակվել են ճանաչողական գրքեր, հանրամատչելի գրքույկներ և թերթոններ։ Համաձայնություն է ձեռք բերվել ԶԼՄ-ներով Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության առթիվ լուսաբանող հեռուստահաղորդումների կազմակերպման համար։
Անդրադարձ է կատարվել սրբազան արարողություններին հավատացյալ հայորդիների հասանելիությունն ապահովելու նպատակով ձեռնարկված տեխնիկական աշխատանքներին, որի շրջանակներում հասարակական կարգի պահպանության մարմինների հետ կանոնակարգվելու են երթևեկության ու անվտանգության հետ կապված խնդիրները։
Զեկույցի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հանձնարարականներ են տրվել թեմակալ առաջնորդներին առավել ջանքեր գործադրել սրբազան արարողություններին ուխտավորների մասնակցությունը դյուրացնելու համար։
Մասնակից եկեղեցականները իրենց ուրախությունն ու գոհունակությունն են արտահայտել սպասվող հոգենորոգ իրադարձությունների առթիվ։
Ժողովը եզրափակվեց աղոթքով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան