Սամսոն Կոստանդյան. Կրակի ուղղությունը շեղելով իր վրա, նետվում է առաջ, որտեղ էլ անհավասար մարտում սեպտեմբերի 14-ին զոհվում է
Սամսոն Արամայիսի Կոստանդյանը զոհվել է Ջերմուկի համար մղվող մարտերում։ Աբովյանի համայնքապետարանը հրապարակել է հետախույզի կյանքի ու զոհվելու հանգամանքների մասին տեղեկատվություն.
«Ծնվել է 1971թ. օգոստոսի 26-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 1976թ. ընտանիքը տեղափոխվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաք: Սովորել է Աբովյանի թիվ 7 միջնակարգ դպրոցում: Ուսումը շարունակել է Աբովյանի ավտոճանապարհային տեխնիկումում:
1990-ական թթ. սկզբներին ծառայել է հայկական բանակում, և մասնակից եղել արցախյան առաջին պատերազմի ռազմական գործողություններին ու ինքնապաշտպանական մարտերին:
1996թ ծառայության է անցել հայկական խաղաղապահ ուժերի կազմում: Համակարգի կարգապահ աշխատակից էր Սամսոնը, սեփական գործի, ծառայության վերաբերյալ մանրամասներ երբեք չի հանրայնացրել, միևնույն ժամանակ անմիջական, ընկերասեր, շփվող ու կենսուրախ անձնավորություն էր, սիված և հարգված ծանոթների շրջանակում:
Ծառայել է Հայաստանի Հանրապետության հատուկ նշանակության ջոկատում: Վերապատրաստվել է Հունաստանում:
Սամսոն Կոստանդյանի հայրենանպաստ ու արժեքավոր գործունեության բազում դրվագներ հանրությանը հայտնի չեն, որը առաջնահերթ պայմանավորված է հետախույզի գործին բնորոշ գաղտնիությամբ, ապա նաև անձի համեստ բնույթով: Իր մասնակցությամբ վերջին ռազմական գործողություններից մանրամասներ պատմել են մարտական ընկերները:
2022թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սկսվում է թշնամու սանձազերծած հերթական լայնածավալ հարձակումը՝ այս անգամ թիրախավորելով ՀՀ պետական սահմանը, խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով Սյունիքի մարզի, Ջերմուկի ուղղությամբ: ԱՏԱՆ հատուկ ջոկատի կազմում կամավոր հիմունքներով Սամսոն Կոստանդյանը մասնակցել է Ջերմուկի համար մղվող մարտերին: Ջոկատը հաջողությամբ իրականացնում է մարտական առաջադրանքը՝ դուրս բերելով ականանետային մարտկոցի զինծառայողներին: Յոթ հոգով մարտեր մղելով՝ շեղում են հակառակորդի ուշադրությունը և կրակը վերցնում իրենց վրա` հայտնվելով շրջափակման մեջ: Ոչ մի քայլ հետ սկզբունքով մարտնչում են և թշնամու ջոկատից ոչնչացնում 19 հոգի:
ԱՏԱՆ ջոկատին հաջողվում Է դուրս գալ շրջափակումից, սակայն հանդիպելով թշնամու երկրորդ խմբին, նորից սկսվում են կատաղի մարտեր: Սամսոնը վիրավոր սպային թողնում է ընկերներին, անցնում է պաշտպանական գիծը և, կրակի ուղղությունը շեղելով իր վրա, նետվում առաջ, որտեղ էլ անհավասար մարտերում սեպտեմբերի 14-ին զոհվում է՝ իր կյանքով փրկելով մյուսներին:
Որպես հետախույզ բազում սխրանքների, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի ու անձնվեր պայքարի համար Սամսոն Կոստանդյանը հետմահու պարգևատևվել է «Արիության համար» մեդալով»։