Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկաց հավաքականները կրկին հաղթեցին մրցակիցներին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց բրազիլացիների հետ և հաղթեց 3:1 հաշվով։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից;
Հաղթանակներ տարան Շանթ Սարգսյանն (2649) ու Կարեն Հ․ Գրիգորյանը (2569)։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) և Գաբրիել Սարգսյանը (2646) պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել էր Մալթայի թիմին, երկրորդ տուրում 3:1 հաշվով պարտության էր մատնել Անդորրայի հավաքականին։
Այսօր կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Հունգարիայի երկրորդ թիմի հետ և հաղթեց 3:1 հաշվով։
Մարիամ Մկրտչյանն (2328) ու Էլինա Դանիելյանը (2393) հասան հաղթանակի։
Լիլիթ Մկրտչյանն (2366) ու Սուսաննա Գաբոյանը (2180) վաստակեցին կեսական միավոր։
Առաջին երկու տուրերում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին և Մեքսիկային։
Օլիմպիադայում մինչև սեպտեմբերի 22-ը կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է։