1մլն-ական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ ևս 5 ուսանողի. Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է մոտիվացնել երիտասարդներին
ԵՊՀ ևս 5 ուսանող արժանացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի՝ յուրաքանչյուրը 1 միլիոն դրամի չափով։
Ուսանողներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերից և մագիստրատուրայի 1-ին կուրսից։ Հաշվի է առնվել նրանց ուսման առաջադիմությունը, հասարակական և ներբուհական ակտիվությունը, մասնակցությունը կամավորական աշխատանքներին, ինչպես նաև ներգրավվածությունն ինտելեկտուալ և գիտական միջոցառումներում ու գիտահետազոտական աշխատանքներում։
2023 թվականին մեկնարկած ծրագրի նպատակն է մոտիվացնել երիտասարդներին և ոգեշնչել նրանց նոր հաջողությունների։ Ծրագիրը խթանում է նաև ուսման առաջադիմությունը, քանի որ այլ ուսանողներ, տեղեկանալով կրթաթոշակի մասին և ներկայացվող չափանիշներին, ձգտում են կատարելագործվել, որպեսզի հաջորդ տարիներին իրենք նույնպես ստանան կրթաթոշակ։
Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը կարծում է, որ յուրաքանչյուր կրթաթոշակ կարող է բերել հաջողության նոր պատմության։
«Մոտիվացիան ու խրախուսանքը կարևոր դեր են խաղում ուսանողի կյանքում։ Բիբլոս Բանկ Արմենիայում մենք հավատում ենք ապագայի մեջ ներդրում կատարելուն՝ աջակցելով մեր խելացի երիտասարդներին: Կրթաթոշակները միայն ֆինանսական օժանդակություն չեն․ դրանք ուսանողներին թույլ են տալիս կենտրոնանալ ուսման վրա, օգնում են հաղթահարել խոչընդոտներն ու կերտել իրենց հաջողության պատմությունները: Մենք անհամբեր սպասում ենք, թե ինչպես են այս տաղանդավոր անհատները նպաստելու մեր համայնքի զարգացմանը։ Հուսով ենք՝ ԵՊՀ հետ շարունակական համագործակցությունը լավ արդյունք կտա»,- նշեց Հայկ Ստեփանյանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, համալսարանի համար կարևոր է Բիբլոս Բանկ Արմենիայի հետ գործընկերությունը։
«Այս ծրագիրը ոչ միայն ֆինանսական աջակցություն է տրամադրում մեր ուսանողներին, այլև հնարավորություն տալիս հաղորդակցվելու բանկային ոլորտին, շփվելու արհեստավարժ մասնագետների հետ, որոնցից շատերն իրենց կարիերայի մեկնարկային կետում գտնվող ուսանողների համար դերային մոդելներ են՝ ցույց տալու, թե ինչ հաջողությունների կարելի է հասնել նպատակասլացության, աշխատասիրության և մասնագիտական զարգացման արդյունքում։ Այս ծրագիրը նաև հնարավորություն է տալիս համալսարանին ամրապնդելու իր կապերը լավ գործընկեր Բիբլոս Բանկ Արմենիայի հետ և ընդլայնելու համագործակցության շրջանակը»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը։
Բանկը և բուհը միասին նախագծեր իրականացնելու հաջող փորձ ունեն։ 2023 թ. Բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող ամենակարևորը նախագծերից էր համալսարանի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը։ Դրա շրջանակում 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, իսկ ևս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան