Մայր տաճարում կային հատվածներ, որոնք ուղղակի փլուզման էին ենթակա. գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյան
Սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Ս. Էջմիածնի մայր տաճարը: Այն վերականգնված է հիմնատակներից մինչև գմբեթի խաչը: Սուրբ Էջմիածինը արտառոց կառույց է, այն ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է և Հայ առաքելական եկեղեցու աթոռանիստը, այլև համամարդկային նշանակության բացառիկ հուշարձան, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Հիշեցնենք, որ Մայր տաճարի վերականգնումը տևեց 7 տարի։
Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը «Շողակաթ»-ի «Հազարամյակ» հաղորդման ժամանակ ասել է, որ ի սկզբանը խնդիրը դրված էր արտաքին ծավալների, հիմնականում ծածկասալերի վերանորոգման հարցը, սակայն հետազոտական աշխատանքների ընթացքում, որին ներգրավվել են Հայաստանի լավագույն մասնագետները՝ ճարտարապետներ, ճարտարագետներ, նաև ուսումնասիրվել է Սեյսմիկ կենտրոնի կողմից, բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ տաճարի ֆիզիկական վիճակի հետ կապված։
«Երկմտանքի առաջ կանգնեցինք՝ Մայր տաճարի վերականգնման աշխատանքները չենք կարող սահմանափակվել արտաքին ծավալներով ու ծածկերով, ավելի վատթագույն վիճակում են նաև ներքին ծավալները, հիմնական կրող համակարգը՝ սյուներ, կամարներ, գմբեթ, թաղեր, դրանք, կարելի էր բնորոշել, որպես եկեղեցու կմախք։ Վստահեցնում եմ ձեզ՝ կային հատվածներ, որոնք ուղղակի փլուզման էին ենթակա։
Հետազոտությունների արդյունքում պարզեցինք, որ կոտրվածքներ ունեցող կմախքի վրա ոնց որ վիրակապ էր արված որմնանկարների ու սվաղի շերտ։ Այդպիսն էր Մայր տաճարի ընդհանուր ծավալային վիճակը»,- նշել է ճարտարապետը։
Նա նշեց, որ Մայր տաճարի վերականգման նախագիծը հաստատվել է ԿԳՄՍ նախարարության, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։
Հիմնական ռեստավրացիոն նյութերը՝ ներարկման, ջրամեկուսացման, շաղախային նյութեր, ներկրվել են Իտալիայից։ Մասնագետը բացատրեց, որ վերականգնման համար նախատեսված նյութերը պետք է համահունչ լինեն նախնական նյութին. օրինակ, եթե պատմական պատը կառուցված է քարով և կրաշաղախով, վերականգնող մասնագետները պարտավոր են վերականգնել կրաշաղախային կապակցանյութով, բայց Հայաստանում, շատ երկրներում այդ կրաշաղախային կապակցանյութի արտադրություն չկա, այդ իսկ պատճառով ներկրվել է Իտալիայից։
Ճարտարապետը վստահեցրել է, թեև ահազանգերին, թե ինչպես կարելի է 7 տարի Մայր տաճարը փակ պահել, բայց այն հսկայածավալ աշխատանքները, որոնք արվել են, նույնիսկ 7 տարին սեղմ ժամկետ է։
Վերականգնվել են նաև Մայր տաճարի որմնանկարները, պատկերազարդ տարածքները, որոնք կազմում են 2600 քմ։
«Ավելի քան 500 քմ որմնանկարների մակերես մեծագույն բծախնդրությամբ, առանց վնասելու, մասնագիտորեն հանվել են պատերից, կամարներից, թաղերից, մշակվել, վերամշակվել, նույն ձևով անվնաս վերատեղադրվել։ Աննախադեպ երևույթ է իր ծավալով։ Հերոսական գործ է արվել։ Մնացած 2000 քմ հենց տեղում են մաքրվել, վերականգնվել»,- ասել է Ամիրան Բադիշյանը։
Նա ընդգծել է, որ այս 7 տարիների ընթացքում տաճարի վրա իրականացվել է թույլատրելի առավելագույնը որոշակի վերապահումներով, որը տաճարի հիմնականում ողնաշարի առողջացման խնդիր է լուծել։
Մանրամասն՝ տեսանյութում։
Մայր Տաճարի պատմությունը
Բացառիկ է Մայր Տաճարի նշանակությունն ու առաքելությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր, մշակութային և քաղաքական կյանքում: Այն կառուցել է հայոց առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը` համաձայն իր տեսիլքի, ըստ որի, Աստծո Միածին Որդին իջել է երկնքից և ոսկե մուրճով հարվածել գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է վեր խոյանա Միածնաէջ Տաճարը։
Մայր Տաճարի կառուցումն ավարտվել է 303 թվականի օգոստոսին:
Տաճարի օծումն իրականացվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը և անվանվել Աստվածածնի անունով: Այդ իսկ պատճառով Մայր Տաճարի տոնը նշվում է Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը: Իր կառուցումից կարճ ժամանակ անց Էջմիածնի Մայր Տաճարը հռչակվեց Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ` Կաթողիկե (ընդհանրական) Սուրբ Էջմիածին։
Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքին բազմիցս ենթարկվել է վերանորոգության, սակայն Տաճարի հիմնական տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին․ «Չորս սյուների խաչերի վրա իրար կապվեցին զարմանատեսք կամարներ, և դրանց վրա տեսա գմբեթաձև խորանազարդ ամպեղեն շինվածք՝ աստվածակերպ ու զարմանալի...»:
«Պատմության հոլովույթում բազմաթիվ փորձությունների և արհավիրքների է դիմագրավել Կաթողիկե Սուրբ Էջմիածինը, սակայն այսօր ևս կանգուն է իր անանց վեհությամբ՝ աշխարհի տարբեր ծագերից իր գիրկը կանչելով աշխարհասփյուռ հայորդիներին՝ առ միաբանություն ի Քրիստոս և առ հայրենիք»,- նշում են Մայր Աթոռից։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է եպիսկոպոսաց ժողով
- Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը. Մայր Աթոռ
- Նոր եկեղեցի կառուցելն ավելի դյուրին է, քան հին եկեղեցին հիմնովին վերականգնելը. Գևորգ Դանիելյանը՝ Մայր Տաճարի վերանորոգման մասին
- Մայր Տաճարում վերականգնման վերջին աշխատանքներն են ընթանում
- Սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին. Հայր Զաքարիա
- Մայր Տաճարի հիմնանորոգությունը ավարտական փուլում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան