Այս ֆիլմը բոլորի մասին է. Նազիկ Ավդալյան
Վերջին երկու օրերին սոցիալական հարթակները ողողված են «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի մասին կարծիքներով, տպավորություններով։
«Այս ֆիլմը բոլորի մասին է»,-գրել է ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը։
Սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ առաջին հայկական սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմը անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին է։
Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Աննա Մաքսիմը, ով հանդիսանում է նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը և սցենարի հեղինակը։
«Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ավտովթարի հետևանքով ստանալով լուրջ վնասվածք՝ Նազիկ Ավդալյանը 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա կամք և աննկուն ոգի` ոչինչ անհնարին չէ:
Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անահիտ Քոչարյանը և այլք։ Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, Ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչ՝ Արմեն Ղազարյան։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան՝ Երևանում
- Աննա Հարությունյանը ներկայացրել է Նազիկ Ավդալյանի կյանքի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի թրեյլերը