Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ
Վաղը ժամը 11։00-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, իսկ երեկոյան ժամը 17:00-ին կկատարվի Խաչի թավոր և ռեհանի օրհնության կարգ։ Սուրբ Պատարագի ավարտին հավատացյալներին կբաժանվի մատաղ։ Այս մասին հայտնում է Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը։
Այս տարի սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը, որը հինգ տաղավար տոներից վերջինն է: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման:
Տոնի օրը` երեկոյան ժամերգությունից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչերը պտտեցնում են եկեղեցիների բակերում ու համայնքներում: Կատարվում է նաև Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս կողմերը, որից հետո օրհնված ռեհանը բաժանվում է հավատացյալներին։
Տոնը նշում են` եկեղեցում, Սուրբ Պատարագի մասնակցությամբ։ Այն նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց՝ նշանակում է խաչը վեր բարձրացնել: