Սեպտեմբերի 15-ին Եկեղեցին կնշի այս տարվա վերջին տաղավար տոնը՝ Խաչվերացը
Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 15-ին կնշի Խաչվերացը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Այդ օրը՝ բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Խաչվերացը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է, նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: Խաչվերացը Քրիստոսի խաչափայտը գերությունից ազատելու պատմական դեպքերի հիշատակությանն է նվիրված: Յոթերորդ դարում պարսից զորքը, հասնելով Երուսաղեմ, Ս. Հարության տաճարից գերեվարել է Աստվածընկալ Ս. Խաչը: Այդ դեպքից մոտ քսան տարի անց բյուզանդական զորքը խաչափայտը ազատագրել է գերությունից և հանդիսավոր թափորով տեղափոխել հայոց Կարին քաղաք, Կոստանդնուպոլիս, այնուհետև՝ Երուսաղեմ: Քրիստոնյա ավանդական եկեղեցիներն այս դեպքերի հիշատակը հավերժացնելու համար հաստատել են խաչվերացի տոնը:
Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:
Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», - այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Մանրամասն՝ «Շողակաթի» տեսանյութում։