«Հրապարակ». Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերություններում ի՞նչ լարվածություն կա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 4-ին Մոսկվա մեկնած Գուրգեն Արսենյանը՝ որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան, արդեն իր հավատարմագիրն է ներկայացրել ՌԴ ԱԳ փոխնախարարին: Հաջորդ քայլը կլինեն ՌԴ նախագահի մոտ ընդունելությունը և հավատարմագրի հանձնումը, որի ժամկետը դեռևս անորոշ է: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այնքան էլ ոգևորված չէ այս նշանակմամբ, և դեսպանի ու նախարարի հարաբերություններում որոշակի լարվածություն կա: Ոմանք դա բացատրում են նրանով, որ Արսենյանի թեկնածությունն առաջադրել և առաջ է մղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Արարատ Միրզոյանը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, որ 2021-ի ընտրություններից հետո Ալեն Սիմոնյանն իր «աթոռին» է նստել` իրեն «գործուղելով» ԱԳՆ, ինչն ինքը պաշտոնի իջեցում է դիտում:
Բացի այդ, ժամանակին Գուրգեն Արսենյանն ԱԺ-ում մի ելույթ է ունեցել, որտեղ, իրեն բնորոշ ոճով, մի թեթև դաս է տվել Միրզոյանին` խորհուրդներ տալով, առաջարկներ անելով: 2022 թ. նոյեմբերի 3-ի այդ ելույթում նա թեև բավականին կոռեկտ ձևակերպումներով է խոսել, բայց քննադատել է դիվանագիտական ոլորտի ֆինանսավորումը՝ նկատելով, որ այն պետք է մեծացնել, որ արդյունքն էլ մեծ լինի:
Ոմանք կարծում են, որ այդ ելույթն էլ Միրզոյանը չի մոռացել: Բայց ԱԳ նախարարի և դեսպանների շփումներն այսօր նվազագույնի են հասցված: Նրանք, որպես կանոն, շփվում են նախարարի խորհրդականների, օգնականների, լավագույն դեպքում՝ փոխնախարարների հետ: Այնպես որ, Արսենյանը Միրզոյանին տեսնելու և հարաբերվելու առիթներ գրեթե չի ունենալու, եթե արտառոց իրադարձություններ տեղի չունենան, և Միրզոյանը Մոսկվա չմեկնի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան