Կրթության համակարգում եթե լավ հարաբերությունների մեջ չես ղեկավարության հետ, շատ ճանապարհներ կփակեն քո առջև. Սերոբ Խաչատրյան
Կառավարության նիստերից մեկում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանին և մեր հասարակությանը վստահեցրեց, որ ի տարբերություն նախորդ ուսումնական տարվա, այս տարի դպրոցները դասագրքերի խնդիր չեն ունենա։ Արդյոք այն այդպես է, և ընդհանրապես ինչ խնդիրների առաջ է այսօր կանգնած դպրոցն ու հանրակրթական համակարգը։ Վերոնշյալ հարցերի վերաբերյալ «Panorama-հարցազրույցի»-ի տաղավարում իր կարծիքն հայտնեց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
●Այս տարի նորից ունենք դասագրքերի պակաս։ Անցած տարի 11 անուն դասագիրք չկար դպրոցում, այս տարի՝ 13 անուն դասագիրք։ Ընդորում, կան դասագրքեր, որոնք արդեն երկրորդ տարին անընդմեջ չկան, օրինակ ռուսաց լեզվի երկրորդ դասարանի դասագիքը, որն, ըստ էության, այբբենարանն է, սկիզբը, այն և՛ անցած տարի չկար, և՛այս տարի չկա։
●Եթե անցած տարի ԿԳՄՍ նախարարությունն ասել էր, որ հին դասագրքերից չպետք է օգտվել և պետք է օգտվել Տավուշում փորձարված նյութերից, ապա այս տարի որոշ հին դասագրքերից օգտվել թույլատրեցին։ Բայց այստեղ հարց է առաջանում, որ եթե նոր չափորոշիչներ են, և ուսուցիչները կարող են օգտվել հին դասագրքերից, այդ դեպքում ինչու ենք դասագրքերի մրցույթ անում, եթե հին դասագրքերով կարելի է նոր չափորոշիչները դասավանդել։ Բայց այստեղ հին դասագրքերով հնարավոր չէ աշխատել, որովհետև չափորոշիչը հսկայական փոփոխության է ենթարկվել։
●Դասագիրքը սովորական գիրք չէ, պետք է լուրջ վերահսկողություն իրականացվի, բայց այստեղ շատ անլուրջ է մոտեցումը։ Օրինակ, ռազմագիտության 8-րդ դասարանի նոր գրքում մայորի, գնդապետի և փոխգնդապետի տարբերանշանները նույնն են։ Պարզ է, որ այդ գիրքը գրող հեղինակները մայորին տարբերում են փոխգնդապետից, բայց քանի որ ժամանակը քիչ է, արագության մեջ մարդիկ վրիպել են։ Բայց այս դեպքում ինչի համար է նախարարությունը պետական բյուջեից վճարում այն հանձնաժողովներին, որոնք ընտրում են այս դասագիրքը, չէ որ մի քանի հոգի կարդացել է, որ այդ դասագիրքը հաղթող են ճանաչել։
●Հասարակագիտության 8-րդ դասարանի դասագրքի մրցույթում գնահատման սանդղակը չի հասնում հանձնաժողովին։ Նախարարությունն ասում է, որ ինքը փոխանցել է հաստատությանը, բայց սանդղակը չի հասել հանձնաժողովին։ Երբ հանձնաժողովի անդամն ասում է. «Շատ լավ , մենք մեղավոր չենք, մեզ սանդղակ չեք տվել, տվեք այն մեզ, մենք սանդղակը լրացնելիս այնպես ենք անելու, որ լավագույն դասագիրքն անցնի։ Բայց չեն տալիս մարդկանց սանդղակը, հանձնաժողովը ցրում են։ Այ սա արդեն մեծ կասկածի տեղ է տալիս։ Ինչո՞ւ եք ցրում, չե՞ք վստահում ձեր իսկ ստեղծած հանձնաժողովին։
●Եթե տեղի է ունեցել թյուրիմացություն՝ ոչ այդ մարդկանց մեղքով, ինչու եք ցրում հանձնաժողովը։ Ի վերջո այդ մարդիկ աշխատել են և պետք է վճարվեն, որովհետև այս կարգով եթե դու ցրում ես հանձնաժողովը, նրանք չեն կարողանում նաև վճարվել։ Սա վերաբերմունք է գիտնական մասնագետների հանդեպ։ Մարդկանց երկու ամիս աշխատեցնում եք, մարդիկ ոչ իրենց մեղքով սանդղակը չեն ստանում ու ասում եք՝ գնացեք, մենք ոչ ձեր կարծիքն ենք ընդունում, ոչ էլ վճարում ենք։ Սա շահագործում է։
●Ցավալի է, որ մեր կրթության մասնագետները ոչ միշտ են աջակցում ուսուցիչներին։ Կա այդպիսի դրվածք կրթության համակարգում, կրթության մասնագետների շրջանում, որ պետք է լավ հարաբերությունների մեջ լինես ղեկավարների հետ, որովհետև, ցավոք, կրթության համակարգում եթե լավ հարաբերությունների մեջ չես ղեկավարության հետ, շատ ճանապարհներ կփակեն քո առջև։ Դրա համար շատ մասնագետներ աչք են փակում, լռում են խնդիրների դեպքում, որովհետև մտահոգություն ունեն, որ եթե խոսեն՝ իրենց առաջ դռներ կփակվեն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա Անդրեասյան
- Դպրոցի տնօրենը պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն. Ժաննա Անդրեասյան
- Այս փուլում մենք անցնում ենք խոչընդոտներով լի ճանապարհ. Ժաննա Անդրեասյանի ուղերձը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
- Գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է, ո՞ւր եք հանձնաժողովի անդամներ. Սերոբ Խաչատրյան
- Հարգելի ծնողնե՛ր, ԿԳՄՍ նախարարությունը ձեր երեխաներին զրկեց մտահորիզոն զարգացնող դասագրքից. Սերոբ Խաչատրյան
- Առաջիկայում Հայաստանում մի քանի հարյուր դպրոց է փակվելու. Սերոբ Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան