Ֆրանսիացի նախարարն ասել է, թե ինչու է այցելում հենց Մոլդովա ու Հայաստան
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղության ձգտումներին անսասան է։ Նման հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ։
«Ֆրանսիան կանգնած է պատմական գործընկեր, բարեկամական երկիր Հայաստանի կողքին, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտումներին անսասան է։
Հայաստանի հետ մեր համագործակցությունն ամուր է, և մենք այն ամրապնդում ենք։ Մենք աջակցում ենք Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը՝ երկրի դիմակայունությունն ապահովելու համար։ Մենք համագործակցում ենք նաև պաշտպանության ոլորտում։ «Ֆրանսիա-Հայաստան» նախաձեռնությամբ մենք պաշտպանում ենք նրանց, որոնք ներգրավված են Հայաստանին աջակցելու գործում»,-ասված է հայտարարության մեջ։
Անդրադառնալով Հայաստան և Մոլդովա կատարելիք այցերին՝ Սեժուրնեն ասել է, որ այցելում է հենց Հայաստան ու Մոլդովա, որովհետև նրանք ընտրել են ժողովրդավարության ու անկախության ուղին, ճանապարհը դեպի Եվրոպա, որոնք բախվում են ապակայունացման փորձերի ու անընդունելի ճնշումների:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։